Հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանությունը կփոփոխվի: Այս մասին նշվել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգի քննարկման եւ լրամշակման նպատակով կազմակերպված երկօրյա աշխատաժողովի ժամանակ:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցող ԿԳ նախարարության, Կրթության պետական տեսչության, ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի ներկայացուցիչները, հիմնական, միջնակարգ եւ ավագ դպրոցների տնօրենները եւ մարզերի հանրակրթության վարչության պետերը ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝ վարկանիշավորման համակարգի փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Ծավալվել է թեժ եւ շահագրգիռ քննարկում, մասնավորապես առաջարկություն է եղել վարկանիշավորման համակարգում մեծացնել ուսուցիչների որակական գնահատականի բաղադրիչը, որպեսզի ուսուցչական համակազմն ավելի մեծ միավորներ բերի դպրոցին:
Ներկայիս ընթացակարգով միավորների քվոտավորման առյուծի բաժինը տրվում է ըստ սովորողների ցուցանիշների: Առաջարկություններ են եղել նաեւ իրավական անհամապատասխանությունները վերացնելու, օլիմպիադայի մասնակցության բաղադրիչների միավորները վերանայելու, դպրոցներում աշակերտների եւ մանկավարժների շարժը հաշվի առնելու, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունների հիման վրա կկազմվի վարկանիշավորման մեթոդաբանության փոփոխությունների նախագիծ, որը նախ կդրվի հանրային քննարկման, ապա կներկայացվի ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հաստատմանը:





























