«Բարեւ Երեւանի» անդամները միանում են «Ամեն ինչ ազգային ինքնապաշտպանության համար» 218 ՀԿ-ների  կարգախոսին:

Նշենք, որ Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի՝ ավելի քան 218 ՀԿ-ներ միավորող կառույցի անդամներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների թեժացման կապակցությամբ եւ ս.թ. ապրիլի 26-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին են ներկայացրել ՀՀ եւ ԼՂՀ բնակչության պաշտպանունակությունն ապահովելու ուղղությամբ իրենց առաջարկությունները.

- Բոլոր չափահաս քաղաքացիների համար կազմակերպել հրաձգության եւ ռազմական պատրաստականության դասընթացներ ՀՀ եւ ԼՂՀ  քաղաքներում ու գյուղերում,

- բոլոր չափահաս քաղաքացիների հետ անցկացնել առաջին բուժօգնության խորացված դասընթացներ,

- ներկայացնել լայնամասշտաբ պատերազմի դեպքում յուրաքանչյուր քաղաքացու ադեկվատ վարքի կանոնները (պաշտպանական համապատասխան օղակների մեջ ներգրավում, կոնկրետ իրավիճակներում` նկուղներում ապաստանելու ծրագրի մշակում եւ այլն),

- բնակիչներին իրազեկել ռմբապաստարանների, պաշտպանական այլ կառույցների տեղակայության մասին (եթե անխնա սեփականաշնորհումներից հետո այդպիսիք դեռ կան), եթե չունենք նման անհրաժեշտ կառույցներ, սկսել դրանց կառուցումը/հարմարեցումը,

- վերականգնել եւ ընդլայնել ԽՍՀՄ տարիներին Հայաստանում գործող մանկապարտեզների ցանցը, որպեսզի ընդհանուր զորահավաքի դեպքում, երբ կանայք պարտավոր լինեն համալրել ազատված աշխատատեղերը, գործեն նրանց անչափահաս երեխաներին աշխատանքային ժամերին խնամելու ենթակառույցներ,

- պետություն-հասարակություն կապը վերականգնելու համար կազմակերպել ոլորտային ռազմավարությունների լուրջ քննարկումներ,

- վերակազմակերպել ՏՏ, գիտական, գյուտարարական, ճյուղային-մասնագիտական հետազոտական  խմբերի ֆինանսավորումը եւ աշխատանքը համապատասխան ուղղվածությամբ,

- ստեղծել հաշվետու թափանցիկ եղանակով գործող հիմնադրամ, որը  նվիրատվությունների մեխանիզմով կապահովի քաղաքացիների թալանից ու հարստահարումից գոյացած օլիգարխիկ եւ չինովնիկական կապիտալների վերադարձը,

- անցնել տնտեսվարման խնայողական ռեժիմի`առկա պետական ռեսուրսների ռացիոնալ եւ նպատակային օգտագործման տրամաբանությամբ` «Ամեն ինչ ազգային ինքնապաշտպանության համար» կարգախոսով»։

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան»  խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը եւս խմբակցության անունից նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հայտնելով, որ ինքը եւ «Բարեւ Երեւանի» մյուս անդամները  միանում են «Ամեն ինչ ազգային ինքնապաշտպանության համար» կարգախոսին եւ խնդրում պարզաբանել, թե  քաղաքապետն ինչ  քայլեր է  ձեռնարկում սույն առաջարկներին ընթացք տալու ուղղությամբ:

«Կարծում ենք, որ վերոնշյալ առաջարկները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է լինելու ստեղծել մի  աշխատանքային խումբ, որը կբխի քաղաքապետարանի  աշխատակազմի ստորաբաժանումների կարողություններից ու լիազորություններից եւ դրանց հիման վրա   հստակ հանձնարարականներ կձեւակերպի  Երեւանի քաղաքապետարանի  եւ վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր կարգի մասնագետներին:

Պատրաստ ենք  համագործակցել  այս  առաջարկությունները կյանքի կոչելու  համար ստեղծված  աշխատանքային խմբի հետ»,-ասվում է նամակում: