24-ամյա Տարոն Մադաթյանի նկատմամբ սպանության փորձ իրականացրած անձի ինքնությունը պարզվել է:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ մայիսի 17-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ ձախ ազդրի ներսային հատվածի եւ որովայնի երկկողմանի հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է ընդունվել 24-ամյա Տարոն Կարենի Մադաթյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել քննչական խումբ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին հրազենային մարմնական վնասվածքները պատճառվել են Երեւանի Դանիել Վարուժան եւ Իսրայել Օրի փողոցների խաչմերուկում, որտեղ նա գնացել էր հանդիպելու իր ծանոթին՝ Ֆ.Ավագյանին։
Նախնական տվյալնելով՝ վերջինս հրազեն հանդիսացող ատրճանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, երկու կրակոց է արձակել Տարոն Մադաթյանի ուղղությամբ, որից հետո իր վարած՝ «BMV X6» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ Ֆ.Ավագյանին Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




























