Հարավային Օսիայի Ցխինվալի- Կանչավետի խճուղում ավտովթարի հետեւանքով Ռուսաստանի Զինված ուժերի վեց սպա է զոհվել: 

Եվս 16 մարդ վնասվածքներ է ստացել եւ հասցվել է Ցխինվալի քաղաքի բժշկական հաստատություններ: Վթարի պատճառը ենթադրաբար ավտոբուսի արգելակման համակարգի խափանումն է, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ավտոբուսը շարժվել է շարասյան կազմում:

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրահանգով Չկալովսկի օդանավակայանից օդ է բարձրացել ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռը` ռազմական բժիշկների երկու բրիգադով օգնություն հասցնելու եւ տուժածներին Մոսկվայի ռազմական հիվանդանոցներ տեղափոխելու համար:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Օսիայում ավտոբուսի վթարի հետեւանքով երկու մարդ է զոհվել: