Տարիներ շարունակ մեր Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման համար  պայքարից հետո վերջապես հունիսի 2-ին այս մասին բանաձեւ պետք է ընդունվի, որտեղ իրերն իրենց անուններով կկոչվեն՝ ցեղասպանություն։ Այս մասին մայիսի 19-ին՝ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Գերմանիայի Բունդեսթագի «Ձախեր» խմբակցության պատգամավոր Ուլլա Յելփքեն։

Պատգամավորը նշել է, որ, ըստ էության, դա պետք է վաղուց տեղի ունենար։ «Այն փաստաթուղթը, որը մենք ներկայացրել ենք Բունդեսթագին, պարունակում է ավելի կարեւոր կետ։ Մենք կարեւորում ենք Գերմանիայի պատասխանատվության եւ մեղսակցության ընդունումը։ Մենք ցանկանում մենք գերմանացիների գիտակցությանը հասցնել, որ Գերմանիան որպես ժամանակին Թուրքիայի զինակից, զինվորներ ու գեներալներ է ուղարկել Օսմանյան կայսրություն, որոնք ոչ միայն կողքից կանգնել եւ նայել են, այլ գործողություններ են իրականցրել, որոնց մասին ղեկավարությունը տեղյակ է, որի մասին, սակայն, չի խոսվում»,- ասել է Յելփքեն։

Նրա խոսքով՝ նախորդ տարի ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ներկայացված բանաձեւը սվաղելով էր ներկայացնում Գերմանիայի դերը՝ անվանելով այն ոչ այնքան պատվաբեր գործողությունը։ «Իսկ դա նշանակում է պարզապես ծածկել կատարվածը։ Ով որ փորձում է մարդկության դեմ գործած հանցագործությունն այդ ձեւով ներկայացնել ուրեմն հարցին լուրջ չի վերաբերում»,- ասել է պատգամավորը։

Անդրադառնալով հարցին, թե որքանով է նա վստահ, որ այս անգամ բանաձւեը կընդունվի, Ուլլա Յելփքեն նշեց, որ այս անգամ ինքը համոզված է դրանում։ «Այս անգամ բանաձեւը կընդունվի, եւ ասեմ, թե ինչու։ Թուրքիայի հետ գործարքի գնալու պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատության է արժանացել։ Ուստի Բունդեսթագի պատգամավորներն ուզում են իրենց հստակ դիրքորոշումն արտահայտել եւ ասել, որ մենք մեր կարծիքն ունենք»,- ասաց պատգամավորը։