Չինարի գյուղը Հայաստանի Տավուշի մարզի ամենաարեւելյանն է եւ ամենահեռավորը: Չինարիի բնակիչները կատակում են, որ դա ոչ թե հեռավոր, այլ հակառակը` առաջին գյուղն է (ֆոտոռեպորտաժ):

Երեւանից Չինարի հասնելու համար մի քանի ժամ է պետք, ճանապարհի մոտավորապես մեկ երրորդը անվերջանալի լեռնային ոլորապտույտ ճանապարհներ են: Ցածր շրջադարձները, վայրէջքները եւ վերելքները ճանապարհը բավականին վտանգավոր են դարձնում, պարբերաբար ճանապարհային նշաններ են հանդիպում, որոնք զգուշացնում են արագության սահմանափակման մասին: Սակայն բնապատկերի հեքիաթային գեղեցկությունը ստիպում է մոռանալ ճանապարհի բոլոր բարդությունները: 

Գյուղը, որն անմիջապես մոտ է ադրբեջանական ռազմական դիրքերին, պարբերաբար թիրախ է դառնում: Հակառակորդը, տիրապետող դիրք զբաղեցնելով, ի վիճակի է հարված հասցնել գործնականում գյուղի ցանկացած տանը` մոտակա գյուղական տնից մինչեւ հակառակորդի դիրքերը 600-650 մ է, իսկ հեռավորից` մոտ 2,5 կմ: Կրակոցների հետքեր կան գործնականում յուրաքանչյուր տան վրա: 2014-ի օգոստոսի 7-ին Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել: Օգոստոսի 8-ին ադրբեջանական կողմը հաղորդագրություն տարածեց գերու մահվան մասին, իբր` «սրտային անբավարարության» հետեւանքով: Ադրբեջանի իշխանությունները Կարեն Պետրոսյանի մարմինը Հայաստանին հանձնեցին միայն հոկտեմբերի 10-ին:

Ռազմական դրությունն իր պայմաններն է թելադրում: Բայց գյուղապետ Սամվել Սաղոյանն ասում է, որ վերջերս, չնայած պահպանվող ներքին լարվածությանը, սկսել են քիչ գնդակոծել: «Վերջին օրերին ավելի շատ առանձին կրակոցներ են», -ասում է գյուղապետը:

«Չինարիի ամբողջ բնակչությունը կանգնած է Զինված ուժերի կողքին եւ պատրաստ է հետ մղել ցանկացած ոտնձգություն: 18-ից 65 տարեկան բոլորը պատրաստ են հաշվված րոպեների ընթացքում զենք վերցնել եւ պաշտպանել սահմանները: Մենք լավ ենք գիտակցում, թե ինչ է նշանակում զինվորը եւ նրանք, որոնք զինվորական համազգեստ են կրում, սուրբ են Չինարիի բնակիչների համար», - խոսքն ընդհատում է Սաղոյանը, որը նույնպես ռազմական համազգեստով է:

Եվ այնուամենայնիվ, գյուղն ապրում է սովորական կյանքով: Մանկապարտեզը եւ դպրոցը աշխատում են, գյուղատնտեսական աշխատանքները շարունակվում են, բնակիչներն ապրում են սովորական ռիթմով: 

Մանկապարտեզը 21 սան ունի: Դպրոց 98 աշակերտ է հաճախում, այս տարի վերջին զանգը կհնչի 12 շրջանավարտի համար: Աշնանն առաջին դասարան կգնա 9 երեխա:

«Դպրոցի եւ մանկապարտեզի բոլոր հյուսիսային պատուհանները բետոնապատ են: Այնքան էլ գեղեցիկ չէ, բայց անվտանգ է», - պարզաբանում է գյուղապետը:

Նրա խոսքով, գյուղին պատկանող հողերի մոտ 70-80 տոկոսը պոտենցիալ սպառնալիքի տակ է: Դաշտում աշխատելը բոլորովին անվտանգ չէ: Գյուղացիները հիմնական եկամուտը ստանում են խաղողից եւ անասնապահությունից, 60 հա խաղողի այգիները տեղակայված են գյուղից բավականին մեծ հեռավորության վրա:  «Սահմանամերձ գյուղերին հատուկ կարգավիճակ է անհրաժեշտ: Հակառակ դեպքում դա կարող է խնդիրներ առաջացնել: Անհրաժեշտ են ծրագրեր, որպեսզի գյուղացիներն ավելի կապվեն հողին», - ասում է Սամվել Սաղոյանը:

«Քանի որ Արցախում վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ հակառակորդը ծանր սպառազինություն, հրետանի եւ ավիացիա է կիրառում, նույնիսկ արգելված սպառազինություն, մեծացնում են ապաստարանների թիվը: Քաղաքացիական պաշտպանության պլան կա քաղաքացիական բնակչության պաշտպանության եւ տարհանման վերաբերյալ, մենք վերամշակում ենք դա: Դպրոցների եւ մանկապարտեզների նկուղային հարկերում լրացուցիչ ստորգետնյա ամրացված ապաստարաններ են կազմակերպվել: Ապաստարաններ են կազմակերպվել մի քանի տանը, նախատեսված է եւս մի քանի ստորգետնյա ապաստարան կառուցել գյուղի տարբեր հատվածներում», - ասում է Սամվել Սաղոյանը: 

Պաշտպանական պատ է կառուցվել, որպեսզի ապահովվի հաղորդակցությունը գյուղի վերին եւ ստորին հատվածների միջեւ:

«Միայն հայերի հիշատակի օրերին չէ, որ կրակում են: Ցավոք սրտի, արդեն 9 տարի մենք հանգուցյալներին գիշերով ենք հուղարկավորում: Գերեզմանատունը նրանց դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է», - հայտնում է գյուղապետը:

«Ափսոս, որ երիտասարդները ստիպված են կյանքի լավագույն ժամանակն անցկացնել ռազմական պայմաններում: Ես հպարտանում եմ իմ համագյուղացիներով», - ամփոփում է Սամվել Սաղոյանը:

Լուսանկարները Արսեն Սարգսյանի/NEWS.am