Վերջերս իրավիճակը հանգիստ է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուրի գյուղապետարանի քարտուղարուհի Ռիմա Շառյանը (ֆոտոռեպորտաժ):

Գյուղապետարանի ներկայացուցիչը ճշտել է, որ նույնիսկ ինտենսիվ գնդակոծությունների ժամանակաշրջանում գյուղի բնակիչները չեն լքել հայրենի տները: «Շարունակում ենք ապրել, մշակում ենք հողը, այդ թվում` գիշերները, երբ ինտենսիվ կրակում են», - նշում է Ռիմա Շառյանը:

Գյուղի բնակիչներն անասնապահությամբ են զբաղված, ցորեն եւ աշնանացան մշակաբույսեր են աճեցնում: «Գյուղի գյուղատնտեսական հողերը հակառակորդի մոտ չեն, այնուամենայնիվ, դրանց օգտագործումը դժվարացած է գնդակոծությունների սպառնալիքի հետեւանքով: Տարածքների մի մասը թողնված է ականապատ դաշտերին», - պատմում է գյուղապետարանի քարտուղարուհին: Իսկ արոտավայրերը մեծ մասամբ մոտ են սահմանին, այնպես որ անասուններին արածեցնելը եւս խնդրահարույց է: «Անցյալում` 90-ականների սկզբին հակառակորդի կողմից անասունների եւ մարդկանց առեւանգման դեպքեր են եղել: 1993-ին երկու հովվի եւ հոտ էին գողացել: Մեր զոհվածների մարմինները մի քանի տարի անց անճանաչելի էին դարձել», - ասում է Ռիմա Շառյանը: 

Պատերազմի ընթացքում 18 գյուղացի է զոհվել, այդ թվում` երեխաներ: Զոհեր են եղել նաեւ հրադադարի հաստատումից հետո: Մասնավորապես, անցյալ տարվա փետրվարին ուժեղ գնդակոծություններից հետո սեփական տան բակում մահացու վիրավորում էր ստացել Վանիկ Ղուկասյանը` 1954 թվականին ծնված: 

Չնայած այդ ամենին, գյուղում ծնելիության աճ են արձանագրում: 2013-ին 16 երեխա է ծնվել, 2014-ին` 12, 2015-ին` 16 : Գյուղում 85 աշակերտով դպրոց եւ 25 երեխայով մանկապարտեզ է գործում: 

Ինքը` Ռիմա Շառյանը ծնվել եւ ամբողջ կյանքն ապրել է գյուղում: Նա երեք երեխա ունի` երկու որդի եւ մեկ դուստր, հինգ թոռ: «Իմ տունը պատերազմին ամբողջությամբ ավերված էր: Ժամանակի հետ վերանորոգեցին: Հավատում ենք լավ ապագային», - ասում է Ռիմա Շառյանը:

Գյուղապետարանի շենքի մոտ հուշատախտակ է տեղադրված Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների անուններով եւ լուսանկարներով: Հայկական փոքրիկ գյուղից իր կյանքն է տվել կամ անհետ կորել է ավելի քան 100 մարդ: Կան Արցախյան պատերազմում զոհվածներ: 

Մինչ NEWS.am-ի թղթակիցները գյուղապետարանի աշխատակիցներին էին փնտրում, հասցրեցին ծանոթանալ երիտասարդ բարետես կնոջ հետ Սյուզի անունով: Պարզվեց` նրա որդին բանակում է ծառայում, աղջիկը պատրաստվում է Երեւանում բուհ ընդունվել:     

«Մեր գյուղը սքանչելի է: Ամենակարեւորը, որ պատերազմ չլինի», -հրաժեշտից առաջ ասում է Սյուզին: