Շների հնագույն ցեղերից մեկը` ռոտվեյլերները, իրենց ծագմամբ գալիս են եգիպտական փարավոնների ժամանակաշրջանից: Ռոտվեյլերների ժամանակակից տարբերակը առաջին անգամ պաշտոնապես գրանցվել է Գերմանիայի Ռոտվայլ քաղաքում, ինչի համար էլ ստացել են իրենց անվանումը:
Ըատ վարկածներից մեկի, ռոտվեյլերները մսագործների շներ են եղել: Մսագործները օրվա եկամուտը կապում էին նրանց պարանոցից, իրենք գնում էին իրենց գործով: Եվ ոչ ոք չէր համարձակվի վերցնել: Մեկ այլ վարկածով, նրանք հովվաշներ էին: Պոչը կտրում էին, որովհետեւ նրանց կապում էին սահնակներին, որ չխանգարեր: Իսկ ականջները չեն կտրում:
Շներին մեծ չափերի պատճառով օգտագործում էին ռազմական գործում, որպես հսկիչներ, պահապաններ: Չնայած տպավորիչ տեսքին, ռոտվեյլերը հայտնի է որպես երեխաների դայակ:
Այդ փառապանծ ցեղի ներկայացուցչի հետ NEWS.am-ի ընթերցողներին ծանոթացնում է վեց տարեկան Բաբլի տիրուհին` Նանան:
«Շունը մեծացել է կատարյալ սիրո մթնոլորտում: Երբեք ագրեսիա չի դրսեւորել, հատկապես` երեխաների նկատմամբ: Դա մեր ուրախությունն էր մինչեւ որդուս` Ռոբերտի ծնունդը, այժմ նրանք երկուսով են ուրախացնում մեզ, զվարճացնում են իրենց չարաճճիություններով», - պատմել է Նանան:
Պարզվել է, որ Բաբլը կինոյում եւ գովազդներում է նկարահանվել` գնալով իր նախապապ Բերգի` «Միայնություն» ֆիլմի հերոսի հետքերով: Բաբլի մասնակցությամբ ֆիլմերից մեկը ներկայացված է Կաննի կինոփառատոնում: Դա ամանորի ֆիլմ-հեքիաթ է, որտեղ Բաբլը խաղում է փոքր տղայի պահապան հրեշտակի դերը, որի մայրը մահացել է եւ որի հոգին նյութականացել է շան տեսքով:
Համարվում է, որ չարժե, որ նորելուկները պահեն խոշոր շներ, որոնք հակված են ինքնուրույն լուծելու խնդիրները: Սակայն Բաբլի տիրուհին դեմ է գնացել ընդունված կարծիքին:
«Մանուկ հասակում ինձ պատանի-ռոտվեյլեր էին նվիրել: Սակայն ծնողներս կտրականապես հրաժարվեցին թույլ տալ, որ պահեմ շանը, ստիպված վերադարձրեցի նրան: Դա լուրջ տրամվա էր, ես երկար ժամանակ տխրում էի դրա պատճառով: Մեծանալով` որոշեցի այնուամենայնիվ ռոտվեյլեր պահել», - ասում է Նանան:
Այնպես էր ստացվել, որ մեր ծանոթները էգ ռոտվեյլեր ունեին եւ նա հենց ձագեր էր ունեցել: Բաբլը մի ամսական էլ չկար, երբ նրան բերեցին նոր տուն: «Տանը սկզբում հանգիստ վերաբերվեցին, քանի դեռ փոքր էր, երբ մեծացավ, սկսեցին խոսել, թե ինչպես կարելի է նման հսկայի պահել: Հետո էլ, ուր որ գնայի` ընկերների, ազգականների հետ, աշխատանքի բերումով, միշտ պետք էր նույն ժամանակին վերադառնալ, երբեմն հեռանալ ամենահետաքրքիր պահին, որպեսզի կերակրեի «երեխային»: Բաբլն ինձ ի՞նչ է տվել: Նախ եւ առաջ ես շատ պատասխանատու եմ դարձել ոչ միայն նրա նկատմամբ, այլեւ` ընդհանրապես կյանքի: Նա ինձ սեր է տվել, որը ես կարողացել եմ փոխանցել բոլոր նրանց, ում սիրում եմ: Նա ինձ իմ ընտանիքն է նվիրել: Բաբլին վարժեցմամբ զբաղվել է հայտնի վարժեցնող Ալբերտ Ներսիսյանը: Մենք արդեն ավարտել էինք վարժեցնելը, երբ Ալբերտն ինձ հրավիրեց իր տարեդարձին, որտեղ ես ծանոթացա ապագա ամուսնուս հետ: Իմիջիայլոց, ամուսինս այդ ժամանակ շատ հեռու էր շներից: Բաբլն ինձ համար մեծ երջանկություն է», - ժպտում է Նանան:
Շատ այժմեական թեմա է երեխան եւ շունը: «Երբ տանը երեխա է ծնվում, չգիտես ինչու ջանում են երեխաներին հեռու պահել կենդանիներից: Դեռեւս մինչեւ Ռոբերտի ծնունդը մեր մտքով չէր անցել հանձնել Բաբլին: Չնայած կողքից բազմաթիվ կարծիքներ հայտնեցին: Երբ Ռոբերտը ծնվեց եւ մենք նրան տուն բերեցինք, Բաբլն ամբողջ օրը հետեւում էր նրան` ջանալով հասկանալ, թե ով է: Այն պահից, երբ Բաբլը հասկացավ, որ երեխա է, Ռոբերտի թիկնապահը եւ ամենամոտ ընկերը դարձավ», - ասում է Նինան: «Երբ ծանոթները փորձում էին մոտենալ որդուս մահճակալին, նա թույլ չէր տալիս այնքան ժամանակ, մինչեւ որ մենք թույլ տայինք: Մի դեպք եղավ: Մենք զբոսնում էինք, հանկարծ Բաբլը սկսեց ագրեսիվ մեզ նայել ու հաչալ: Հայացքը սեւեռված էր երեխային: Պարզվեց, որ երեխայի մոտ մեղու է պտտվում: Այդ ժամանակ հասկացա, որ կարող եմ հանգիստ լինել երեխայի համար. Բաբլը նրան ինձնից լավ կպաշտպանի»:
«Վախերի» շատ տարածված թեմա են շան մազերը: «Մազերի մի մասի կորուստը նորմալ գործընթաց է ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց համար: Դա հիգիենայի հարց է` ժամանակին հավաքելու: Մարդիկ եւս ժամանակ առ ժամանակ կորցնում են մազերը: Բայց չէ որ դա նրանց տնից քշելու պատճառ չէ», - ծիծաղում է Նինան` նշելով, որ վախերի մեծ մասն անգիտությունից է. «Առողջ շան հետ շփումը, ընդհակառակը, ամրապնդում է երեխայի իմունիտետը»:
«Կարելի է ասել, որ Հայաստանում բավականին շատ են ռոտվեյլերները: Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ դադարում են պնդել, որ տունը շան տեղը չէ, որ ռոտվեյլերները մարդասպաններ են: Չէ որ կան մարդիկ, որոնք մեծանում եւ մարդասպան են դառնում: Դա դաստիարակության հարց է: Եթե շունը սիրո մեջ է մեծանում, եթե նրան ճիշտ են դաստիարակում, չեմ կարծում, թե խնդիրներ լինեն», - ասում է Բաբլի տիրուհին:
Ամեն երեխայի նման, Բաբլն էլ մանուկ հասակում շատ չարաճճիություններ է թույլ տվել. «Մի անգամ մենք քաղաքից դուրս մեկնեցինք: Բաբլը վազում էր խոտում, խոտ էր կրծում եւ փոքրիկի բախտը չբերեց. խոտում եղինջ կար: Շրթունքներն ու լեզուն ուռեցին, բերանից փրփուր գնաց: Ես սկզբում չհասկացա, որոշեցի, որ նրան օձ է կծել: Հետո կռահեցի, թե ինչ է պատահել, մածուն գտա, կերակրեցինք, ամեն ինչ անցավ: Բաբլը շատ հետաքրքրասեր է եւ ուզում է խաղալ յուրաքանչյուր կենդանու հետ: Մեկ ուրիշ անգամ նա տանը գորտ տեսավ, բերանով բռնեց: Գորտը, պարզվեց, թունավոր էր: Մի երեք ժամ նրա բերանից թուք էր հոսում»:
«Բաբլը շատ քնքուշ է երեխաների հետ: Պետք է տեսնել, թե ինչպես է լիզում զարմիկներիս, փորձում է սփոփել: Պետք է այդ պահին տեսնել նրա աչքերը:
Մի անգամ, երբ ես դեռ ամուսնացած չէի, ամբողջ ընտանիքով ծով մեկնեցինք: Նա գիտեր, որ ես կարող եմ աշխատանքի բերումով երկար ժամանակով մեկնել, բայց զարմիկներիս մեկնումը նրա վրա շատ ծանր ազդեց: Երեք օր նա ոչինչ չէր կերել: Զբոսանքին գնում էր երեխաների մոտ եւ բարձրաձայն լաց էր լինում», - պատմում է տիրուհին:
«Կարծում եմ, որ շները նման են իրենց տերերին: Ինձ շատ են ասել, որ ես ու Բաբլը նման ենք իրար: Ես դա որպես հաճոյախոսություն եմ ընդունում», - ասում է Նանան:
Նրա խոսքով, այդ ցեղատեսակին վարժեցնելը հեշտ է: «Բայց սա բնավորություն, կարծիք ունեցող շուն է: Նա ընտանիքի լիիրավ անդամ է, երբ ասում եմ` ամբողջ ընտանիքը, Բաբլն էլ է դրա մեջ մտնում: Իհարկե դա չի նշանակում, թե մենք շանը մարդուց բարձր ենք դասում, սա կույր սեր չէ: Բայց նա ընըտանիքի լիիրավ անդամ է», -ընդգծում է Նանան:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



























