ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հանրապետությունում ճանապարհային երթևեկության արագաչափ սարքերն ավելացնելու անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը:

«Այո, մենք տեսնում ենք արագաչափ սարքերն ավելացնելու անհրաժեշտություն: Կավելացնենք այնքանով, որքանով որ անհրաժեշտ կլինի»,- նշել է Հակոբյանը:

Նա հավելել է, որ երբ որևէ վայրում արագաչափ սարք տեղադրելու անհրաժեշտություն է առաջանում, ճանապարհային ոստիկանությունը դիմում է այդ արագաչափերը տեղադրող և սպասարկող Security dream ընկերությանը, որն էլ պարտաճանաչ կերպով աջակցում է՝ կատարելով իր պայմանագրային պարտավորությունները:

Արմեն Հակոբյանը չի հստակեցրել, թե դեռ որքան արագաչափեր են տեղադրվելու:

«Արագաչափերից օբյեկտիվ որևէ դժգոհություն չկա հանրության շրջանում: Կարող եմ մատնանշել հազարավոր դիմումներ, երբ հանրությունը, համայնքների ղեկավարները, կոլեկտիվներն իրենք են դիմում, խնդրում են ուղղակի տեղադրել արագաչափ»,-ընդգծել է նա: