Հայաստանի արդարադատության նախարարությունում այս փուլում լրամշակվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենսդրական և իրավակիրառ հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ նշել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը:

«Յուրաքանչյուր վարչական իրավախախտումների տուգանային միավորների կիրառումը մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի շրջանառությունից դուրս գան այն անձինք, որոնք չունեն բարեխղճություն: Եվ միայն գումարը վճարելու միջոցով հնարավորություն չընձեռվի անձին՝ անընդհատ վարորդական վկայական ունենալ:

Արդարացի հավասարակշռությունը պահպանելու համար, կարծում եմ, այս տուգանային միավորների չափի հարցը, թե ինչպիսի իրավախախտումների նկատմամբ պետք է կիրառվի, ինչքան պետք է կիրառվի, ինչքան ժամանակաշրջանում պետք է պահպանվեն, երբ են զրոյացվում, առաջիկայում կներկայացնենք քննարկման»,-ընդգծել է նա:

Արսեն Մկրտչյանը նշել է, որ նոր փոփոխությունները վերաբերելու են նաեւ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի վարչական իրավախախտումներով ներկայացրած ակտերի ուժի մեջ մտնելու խնդրին. «Վարչական իրավախախտումների ակտն անմիջապես ուժի մեջ չի մտնում, և եթե անձն ակտը ստանալուց հետո բողոքարկում է, լսումներ են իրականացվում, իսկ եթե չի բողոքարկվում, ապա ակտը մտնում է ուժի մեջ: Սա հնարավորություն է տալիս անհամաձայնության դեպքում իրականացնել ամբողջական վարույթ»,- ասել է փոխնախարարը: