Ադրբեջանական կողմը քայլեր է անում դեպի Վիեննայում կայացած պայմանավորվածությունների դեզավուացիա: Այս մասին ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նա տեղեկացրել է, որ մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ տեղի ունեցած երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, այդ թվում` մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման մասին: Դա հենց այն էր, ինչ երկար տարիներ հնչեցրել է հայկական կողմը, եւ ինչը ժխտվել եւ մերժվել է ադրբեջանցիների կողմից:
«Դրանից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ նման համաձայնություն չի եղել, ինչը եւս վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը քայլեր է անում դեպի Վիեննայում կայացած պայմանավորվածությունների դեզավուացիա:
Այս պայմաններում կարեւոր է միջազգային հանրության հասցեական վերաբերմունքը նման երեւույթների վերաբերյալ: Կարելի է ասել, որ անհասցե հայտարարությունները հիմք են հանդիսանում, որ հակամարտության կարգավորումը 20 տարի դոփի տեղում, ինչը հարավոր դարձրեց այնպիսի երեւույթ, ինչպիսին էին ապրիլյան իրադարձությունները»,-ընդգծել է Նաղդալյանը:
Նա նշել է, որ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ է կնքվել 1994 թվականի զինադադարի մասին Բիշկեկյան պայմանագիրը եւ որ ԱՊՀ ՄԽՎ-ն իր դերակատարությունը պետք է ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը եւս համաձայնել է, որ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն էլ հավելել է, որ հակամարտությունների՝ պատերազմական միջոցներով լուծման ուղիները տանում են դեպի փակուղի:





























