Վայոց ձորի Գլաձոր գյուղում մայիսի 20-ին «Շտապօգնության» աշխատակիցների վրա հարձակված տղամարդը վերջերս էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց համայնքի ղեկավար Անդրանիկ Մարտիրոսյանը:

«Թե ինչու է նման քայլի դիմել, չգիտենք: Իրենց ընտանիքը երկար տարիներ Ռուսաստանում էր ապրում, վեջերս էին վերադարձել Հայաստան»,- ասաց գյուղապետը:

Երիտասարդն ամուսնացած չէ, ապրում է ծնողների, քույրերի եւ եղբոր հետ:

Նշենք, որ 33-ամյա երիտասարդն իրեն դանակով վնասվածքներ էր հասցրել: Երբ ընտանիքի անդամների կանչով «Շտապօգնություն» էր եկել, երիտասարդը դանակով հարձակվել էր բժշկի եւ բուժքրոջ վրա, հայհոյել նրանց ու սպառնալիքներ հնչեցրել։ Քիչ հետո  հարձակվել էր նրանց մեքենայի վրա, կոտրել դիմապակին։