Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ առաջին բանակային կորպուսում անցկացված ուժեղացված գնդային մարտավարական զորավարժությանը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զորավարժության սցենարով նախատեսված ուսումնամարտակական գործողությունների ընթացքում ներգրավված ստորաբաժանումները առաջադրված խնդիրներն իրականացվել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պայմաններում:

Բացի առաջադրված պաշտպանական եւ հակահարձակողական հիմնական ուսումնամարտական խնդիրներից ու նպատակներից, զորավարժության ժամանակ ուսումնասիրվել եւ փորձարկվել են ապրիլյան մարտական գործողություններից առանձնացված մի շարք մարտավարական կարեւորության, ստորաբաժանումների փոխգործակցելիության, կրակային խոցման եւ այլ օրինակելի դրվագներ ու առանձնահատկություններ: Հետագայում այդ օրինակները հիմնավորված կերպով կտարածվեն ամբողջ զինված ուժերում:

Ամփոփելով զորավարժության արդյունքները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մատնանշել է առանձին դրվագների եւ ամբողջ զորավարժության ժամանակ աչքի ընկած առանձնահատկությունները, առավել դրական կողմով աչքի ընկած ստորաբաժանումներն ու նրանց հրամանատարներին: Որպես ձեռքբերում առանձնացվել են հրամանատարների եւ շտաբների կառավարման ունակությունները, ստորաբաժանումների ճիշտ փոխհամագործակցության, հրամանատարների կողմից ստեղծված իրադրությունում արագ կողմնորոշվելու եւ համապատասխան որոշումներ կայացնելու բարձր մակարդակը, զինծառայողների արհեստավարժ գործողություններն ու բարձր մարտական ոգին: Հատուկ շեշտվել են հրետանային ստորաբաժանումների կողմից բարձր մակարդակով իրականացված գործողությունները, կրակային միջոցների խոցման բարձր աստիճանը: