ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում վրդովված հայտարարեց, որ որոշ նորաստեղծ ու հին կուսակցություններ փորձում են ԲՀԿ-ի տարածքային կառույցների ներկայացուցիչներին համոզել լքել ԲՀԿ-ն ու տեղափոխվել նրանց մոտ: Պատգամավորը սպառնաց  հետագայում հնչեցնել անուններ:

«Եթե ըստ չակերտավոր վերլուծաբանների` թույլ է ԲՀԿ-ն, ինչո՞ւ են հին ու նորաստեղծ որոշ կուսակցություններ  ամեն օր գրոհում «Բարգավաճ Հայաստանի» տարածքային կառույցների վրա, խնդրում, աղաչում,  աղերսում մեր տարածքային կառույցների պատասխանատուներին դուրս գալ ԲՀԿ-ից ու անդամակցել իրենց կուսակցություններին: Հետո կխոսեմ ավելի բաց:  Զգուշացնում եմ որոշ նորաստեղծ կուսակցություններին, որ էդքան հզոր եք ու հզոր ռեսուրս ունեք, ինչու եք բոլորդ կառչած «Բարգավաճ Հայաստանի» ռեսուրսներից»:

Նա ասաց, որ մեկ անգամ զգուշացրել է այդ կուսակցության ղեկավարներին, սակայն եթե շարունակվի, ստիպված կլինի անուններ հնչեցնել:

«Ասել եմ` ինչ էլ լինի, ԲՀԿ-ի տարածքային կառույցներից անգամ մեկ շարքային անդամ դուրս չի գա ու չի գնա այդ կուսակցություններ, ինչքան էլ արմագեդոն տեղի ունենա, չեն գալու, հանգստացեք»,-վրդովվեց պատգամավորը: