Հայաստանը եւ Վրաստանը անլուծելի հարցեր չունեն, առկա է փոխադարձ կամք: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին հանրապետության 2015-ի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում պատասխանելով Ջավախքից պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, որը հայտնել է Վրաստանում հայկական դպրոցների խնդիրների մասին:  

Ի պատասխան Նալբանդյանը հիշեցրել է, որ Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս հարեւան Վրաստանի հետ հարաբերություններին եւ հնարավորության դեպքում ջանքեր է գործադրում, որպեսզի այդ հարաբերությունները խորանան եւ ամրապնդվեն: 

«Ես ասել եմ, որ անլուծելի հարցեր չկան, ես կասեի` կան հարցեր: Դա բնական է հարեւան երկրների միջեւ: Կան նաեւ բարդ հարցեր, որոնք, իհարկե, երկու երկիրը պետք է լուծեն փոխըմբռնման եւ բանակցությունների ճանապարհով, հաշվի առնելով մեր տրամադրությունները եւ բարիդրացիական զգացմունքները: Եվ դրանք, եւ շատ այլ հարցեր չեն խուսափում մեր ուշադրությունից տարբեր մակարդակների հանդիպումներին: Փոխադարձ այցելությունները բավականին հաճախակի են, կան ակտիվ շփումներ, եւ կարծում եմ, որ  երկու հարեւան երկրի միջեւ չկան այնպիսի հարցեր, որոնք մենք չկարողանայինք ինքներս լուծել եւ որոնք ստիպված լինեինք վերահասցեագրել միջազգային կազմակերպություններին: Դա կախված է  եւ մեր կողմից, եւ վրացական: Եվ կարծում եմ, նման շահագրգռվածություն կա նաեւ վրացական կողմից», - հայտնել է Նալբանդյանը: