Միեւնույն ապրանքի մաքսային արժեքը պետք է միանման սահմանվի բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար, առանց արտոնությունների: Այս մասին հունիսի 2-ին լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Մի շարք դեպքերում կիրառվում է այսպես կոչված գնագոյացման 4-րդ մեթոդը, որը հայտնի է որպես մաքսային ծառայության վերահսկիչ գին:
Եթե ինչ-որ դեպքում այն կիրառվում է, ապա միեւնույն ապրանքի վրա պետք է կիրառվի բոլորի համար: Սուբյեկտի եւ ապրանքի խտրականություն չպետք է լինի:
Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է արդյոք հրապարակել վերահսկիչ գների ցուցակները, որոնք մաքսային ծառայությունը կիրառում է այս կամ այն ապրանքների համար, Մինասյանը պատասխանեց, որ դրանք փոփոխվում են ոչ միայն առանձին ապրանքների դեպքում, այլ նաեւ ժամանակի հետ:
Տվյալների նման քանակ հրապարակելը կարող է դժվար լինել: Սակայն գնագոյացման մեթոդը կհրապարակվի միանշանակ, ասել է նա:





























