Գերմանական մամուլը փորձել է հասկանալ, թե ինչի՞ մասին էր խոսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պահվածքը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի բանաձեւի հարցում: Փորձագիտական շրջանակներում կարծում են, որ սերտ կապ կա փախստականների փատճառով կանցլերի ներքաղաքական խնդիրների եւ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի միջեւ:

Մի քանի օր շարունակ Թուրքիայի ղեկավարությունը փորձում էր ազդել Մերկելի վրա: Վարչապետ Բինալի Յըլդըրըմը եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մերկելին խնդրել էին կասեցնել Բունդեսթագում բանաձեւի քվեարկությունը:

Սակայն Մերկելը նախնական քվեարկությանը կողմ էր քվեարկել եւ դրանով թույլ տվել բանաձեւը դնել խորհրդարանի քննարկմանը: Թեպետ դրանից հետո ավելի չեզոք կեցվածք էր ընդունել եւ ներկա չէր եղել Բունդեսթագի քվեարկությանը:

Tagesspiegel-ի գնահատմամբ Մերկելի բացակայությունը նրա անկարողության ապացույց էր: «Անգելա Մերկելը, արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը եւ փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը ներկա չէին քվեարկությանը: Նրանք ավելի հաճելի պլաններ ունեն, քան 100 տարի առաջ հայոց ջարդերի վրա գլուխ ջարդելը: Իհարկե Մերկելը դրա փոխարեն Կոնգրեսում ելույթ պիտի ունենար, Շթայնմայերը՝ մեկներ Լատինական Ամերիկա: Քվեարկությունը առանց նրանց էլ կայացավ, սակայն մի՞թե պարզ չէ, որ գրաֆիկը կարելի է փոփոխել, պայմանավորվածությունը՝ չեղարկել, եթե ավելի կարեւոր բանի մասին է խոսքը:

Քաղաքական տեսակետից նրանց բացակայությունը անկարողության ապացույց է: Ցավալի է, որ քվեարկության ժամանակ խոսքը միայն հայերի եւ նրանց պատմության մասին է, այլ ոչ թե կոնկրետ Էրդողանի դեմ: Բայց դրա համար պետք է ձեզ կարողանաք պահել որպես կանցլեր, կուսակցության ղեկավար եւ արտգործնախարար »,- գրում է թերթը:

Հիշեցնենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա  փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։