Տարին բարդ էր գրեթե բոլորի հետ Թուրքիայի հարաբերությունների համար: Այս մասին «Foreign Policy»-ում հրապարակված հոդվածում գրել է Սիոբանա Օ՛Գրեյդին:

Թուրքիայի կառավարությունը զայրացած է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում սիրիացի քրդերի կողմն անցնելու՝ Վաշինգտոնի որոշման առիթով, մինչդեռ Անկարան նրանց Թուրքիայի դեմ ահաբեկչական հարձակումների մասնակից է համարում: Իսկ Մոսկվայի հետ Անկարայի հարաբերությունները լարվեցին, երբ անցյալ տարվա նոյեմբերին թուրքական ուժերը խոցեցին ռուսական ինքնաթիռը: Բացի այդ, Թուրքիայի նախագահ Էրդողանն այնքան է զայրացել գերմանական հեռուստաալիքով իրեն ծաղրելու դեպքի առիթով, որ դատական հայց է ներկայացրել երգիծաբան Յան Բյոմերմանի դեմ:

Հրապարակման համաձայն, այս բոլոր խնդիրներին ավելացավ նաեւ գերմանական խորհրդարանի որոշումը, որը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ քվեարկեց 1915 թվականին օսմանցի թուրքերի կողմից հայերի սպանությունները ցեղասպանություն ճանաչող բանաձեւին. քայլ, որին Էրդողանի կառավարությունն ամեն կերպ դիմակայում է եւ ձգտում կանխել իրադարձությունների զարգացումը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում:

Հեղինակը հիշեցնում է, որ քվեարկությունը կայացավ զգայուն պահի, երբ ԵՄ-ն փորձում է ամրապնդել փախստականների հարցով Թուրքիայի հետ երերուն գործարքը՝ ԵՄ մուտքի արտոնագրի չեղարկման դիմաց:

«Foreign Policy»-ի հետ հեռախոսազրույցում Վաշինտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի թուրքական ծրագրերի հիմնադիր եւ ղեկավար Բյուլենթ Ալիռեզան նշել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե որքանով կարող է այս քվեարկությունն ազդել երկու երկրների երկարաժամկետ հարաբերությունների վրա:

«Մինչ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ծանր շրջան է ապրում, Գերմանիան միակ երկիրն էր, որի վրա Անկարան կարող էր հույս դնել»,- կարծում է Ալիռեզան:

Էրդողանը չի կարող լիարժեք պատրաստ լինել Գերմանիայի հետ հարաբերությունների խզմանը: «Դա հարկավոր է դիտարկել նաեւ արտաքին աշխարհի հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման համատեքստում: Հարցն այն է, արդյո՞ք ամեն ինչ ավելի լավ կամ վատ կլինի, քանի որ Գերմանիան, որը հաստատում էր Թուրքիային աջակցության հարցում, այդպիսի լարվածություն է ապրում: Հարցը դեռեւս բաց է»,- նշել է Ալիռեզան: