Բեռլինի խիզախությունը թույլ չի տալիս մոռանալ հայերի ողբերգության մասին: Դրանից հետո Թուրքիայի կառավարությունը չի կարող շարունակել հերքել Հայոց ցեղասպանությունը: Սակայն ես անհամբերությամբ սպասում եմ հաջորդ քայլին, իտալական Corriere della Sera պարբերականին ասել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը:
Ի՞նչ եք կարծում Բունդեսթագի բանաձեւի մասին:
Գերմանիան ապացուցեց իր բարձր բարոյական հեղինակությունը՝ ցույց տալով, որ կարող է համակերպվել իր պատմության մութ էջերի հետ: Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, եւ վկայություններ կան, որ նա տեղյակ էր Հայոց ցեղասպանության պլանների մասին: Գերմանացիները թուրքերից սովորեցին, որ պատերազմի քողի տակ կարելի է նման հանցագործություններ կատարել:
Գերմանիան առավել, քան երբեւէ, Թուրքիայի հետ լավ հարաբերությունների կարիքն ունի միգրացիոն հոսքի պատճառով: Սակայն նա կատարեց իր սխալներն ընդունելու բարոյական ընտրությունը:
Այդ ողբերգության հետքը կա Ձեր կյանքի եւ ստեղծագործության վրա:
Դա ցավ է, որը միշտ ուղեկցում է: Բայց մենք ապրել ենք մինչեւ այս օրը այդ թվում հայ մտավորականների ջանքերի շնորհիվ, որը վառ է պահել կենդանի հիշատակը, երբ ամբողջ աշխարհն անտարբեր էր թվում:
Հիմա նախկին ԽՍՀՄ-ը ճանաչել է Ստալինի հանցագործությունները, ճապոնացիները խոսում են Նանջինգի ջարդի մասին: Գերմանացիների որոշումը հիմնարար հանգույց է:
Թուրքիայում ինչ-որ բան է փոխվում...
Կան կազմակերպություններ, եւ անգամ առանձին համարձակ քաղաքացիներ, որոնք այլեւս չեն ուզում աչք փակել: Անցյալ ամռանը ես Թուրքիայում էի: Փոփոխությունները տպավորիչ էին: 10 տարի առաջ այդ մասին հնարավոր չէր լինի անգամ խոսել:
Ու՞մ հետ կուզեիք անցկացնել այդ օրը:
Տատիկիս: Նա ցեղասպանությունից հետո որբացել էր: «Արարատ» ֆիլմի գլխավոր երգ՝ «Երազը», նրան էր նվիրված: Ես ուզում էի, որ նա, որտեղ էլ որ լիներ, տեսներ, թե ուր ենք մենք հասել:
Նա անգամ չգիտեր, թե որտեղ է ծնվել, եւ ովքեր են իր ծնողները: Ես կուզեի, որ նա իմանար, որ իր պատմությունը մինչեւ հիմա կենդանի է:





























