Հայաստանի եւ Չինաստանի միջեւ երկկողմ առեւտրաշրջանառությունը հասել է գրեթե կես միլիարդ դոլարի: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Երեւանում Չինաստանի Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ողջունել է պարոն Գաոլիի պաշտոնական այցը Հայաստան եւ նշել, որ այն վկայում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Չինաստանը հանդիսանում է Հայաստանի ոչ միայն բարեկամ, այլ նաեւ կարեւոր քաղաքական գործընկերներից մեկը եւ շեշտել, որ վերջին տարիների բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդել հայ-չինական բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը վերջին տարիներին մեծ հաջողությունների են հասել տնտեսական հարաբերությունների զարգացման գործում եւ ընդգծել, որ զգալիորեն ավելացել է երկկողմ առեւտրաշրջանառությունը՝ հասնելով գրեթե կես միլիարդ դոլարի: «Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները Հայաստանի տնտեսությունում չինական խոշորամասշտաբ ներդրումների իրականացման ուղղությամբ: Հայկական կողմը ողջունում եւ խրախուսում է չինական պետական եւ մասնավոր կապիտալի ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ: Հայաստանը բաց է չինական ընկերությունների գործունեության համար եւ պատրաստ է իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ նոր եւ հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ չինական ընկերությունները հաջողությամբ մասնակցել են եւ հաղթել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաեւ մի քանի էլեկտրակայանների վերակառուցման աշխատանքներն իրականացնելու մրցույթներում: Հովիկ Աբրահամյանն իր բարեմաղթանքներն ու ողջույններն է հղել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին:
Ճան Գաոլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ պատմական ու մշակութային մեծ արժեքներ կրող Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացումն իր երկրի համար ունի կարեւոր նշանակություն եւ ավելացրել, որ երկկողմ փոխգործակցությունը մշտապես զարգանում է անկեղծության ու փոխադարձ մեծ վստահության մթնոլորտում: Նա վարչապետ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի ջերմ ողջույնները: Չինաստանի փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ եւ նշել, որ այս ուղղությամբ ձեռքբերումներն ամենեւին էլ առավելագույն սահմանը չեն. առկա է մեծ ներուժ տնտեսական կապերում հետագա հաջողություններ արձանագրելու համար: Ճան Գաոլին ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ համապատասխան քայլեր իրականացնել, նաեւ ֆինանսավորել արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության, կրթության եւ այլ ոլորտներում կարճաժամկետ, երկարաժամկետ ու հեռանկարային խոշոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Միաժամանակ, նա նշել է, որ Չինաստանը կարեւորում է Հայաստանի դերը Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացման գործում եւ ավելացրել, որ Հայաստանը կարող է նպաստել Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն: Չինաստանի փոխվարչապետը կարեւորել է նաեւ երկու երկրների տարածաշրջանների միջեւ կապերի զարգացումը, այդ թվում՝ Աբովյանի եւ Գյումրիի համագործակցությունը չինական խոշոր քաղաքների հետ:
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են հայ-չինական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ կատարել մի քանի խոշոր կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին ու առաջիկա քայլերին: Հովիկ Աբրահամյանը եւ Ճան Գաոլին երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում կարեւորել են հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը:































