Օհայոյի նահանգի դատախազությունը պաշտպան է կանգնել այն երեխայի մորը, որն անցյալ շաբաթ ընկել էր Հարամբե գորիլլայի վանդակը: Դրա հետեւանքով Ցինցինատիի գազանանոցի ղեկավարությունը գնդակահարել էր 17 տարեկան կենդանուն, որը բոլոր այցելուների սիրելին էր, հայտնում է RG-ն:
Չնայած վերջնագրին, որը պահանջում էր պատժել երեխայի մորը եւ ավելի քան 200 հազար ստորագրություն էր հավաքել, ԱՄՆ-ի դատական իշխանությունները այդ սկանդալային գործի հենց սկզբից հասկացնել էին տվել, որ չեն պատրաստվում պատժել երեք տարեկան երեխայի մորը: Չնայած ականատեսների խոսքով, նա սկզբում ոչ միայն անհանգստություն չի դրսեւորել տղայի ճակատագրի համար, այլեւ ծիծաղել է, երբ որդին, անցնելով վանդակի ճաղերի միջով, ընկել է առուն, որտեղից նրան կապիկն է որսացել:
Օհայոյի նահանգի դատախազ Ջոզեֆ Դիտերսը լրագրողներին հայտնել է, որ կինն իր տղային վտանգի չի ենթարկել եւ «այս ամբողջ պատմության մեջ քրեական ոչինչ չկա»: Մոր պահվածքին նա բավականին տարօրինակ բացատրություն է գտել. «Նա ընդամենը մի քանի վայրկյանով շրջվել է դեպի մեկ այլ երեխա: Գուցե ինչ-որ մեկը մտածում է, որ երեք տարեկան երեխան չի կարող արագ չարություն անել: Նշանակում է` այդ մարդը երբեւէ երեխա չի ունեցել»:
Դրանից հետո Դիտերսը սկսել է դատողություններ անել, որոնք շփոթեցրել են լրագրողներին: «Եթե կինը գնար զուգարանում մարիխուանա ծխելու, իսկ նրա երեխաները վազվզեին գազանանոցում, դա ուրիշ պատմություն կլիներ», - լրագրողներին ապշեցրել է դատախազը: Նման խոսքերից հետո մասնագետների եւ ինտերնետի օգտատերերի մոտ, որոնք մինչ այժմ ծայրաստիճան հազվադեպ են երեխայի մորը մեղադրել անփութության համար, իսկ գազանանոցի ղեկավարությանը` կենդանի սպանելու, ոչ մի կասկած չի մնացել, որ 32-ամյա Միշել Գրեգգը կխուսափի պատժից իր անփութության համար: Չնայած ավելի վաղ ոչ թե դատախազությունում, այլ նահանգի ոստիկանությունում ասում էին, որ կնոջը կարող են մեղադրանքներ ներկայացվել:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները գրել էին, որ Գրեգգի ամուսինը` 36-ամյա Դիոնի Դիկերսոնը, որից նա չորս երեխա ունի, քրեական հարուստ անցյալ ունի: Նա գողություն է կատարել, թմրանյութերի անօրինական շրջանառություն, խուլիգանություն եւ մարդու առեւանգում: 2006-ին նա դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման թմրանյութերի անօրինական շրջանառության համար:




























