Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ նախագահները հաստատեցին հրադադարին եւ հակամարտության խաղաղ լուծմանը հավատարիմ մնալու մտադրությունը: Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ դիտորդներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ այդ համաձայնությունն ընդհանուր առմամբ պահպանվում է: «Հատկապես եթե համեմատենք այսօրվա իրավիճակը նրա հետ, ինչ մենք ունեինք ապրիլի սկզբին: Այդ պատճառով կարեւոր է գործը հասցնել մինչեւ Վիեննայում ձեռք բերած համաձայնությունների գործնական իրականացումը՝ ռազմական ռիսկերի իջեցման եւ բանակցային գործընթացի վերսկսման համար պայմաններ ստեղծելու նպատակով»:

Միջնորդի խոսքով՝ փորձագիտական մակարդակի դուրս գալու կարեւորությունը կախված է  կարգավորման առանցքային հարցերում առկա տարաձայնությունները հաղթահարելու եւ շրջանակային համաձայնության գալու կողմերի պատրաստակամությունից: «Դրանից հետո հնարավոր կլինի խոսել փորձագիտական խմբեր ստեղծելու մասին, այդ թվում՝ նրա համար, որպեսզի այդ համաձայնությունը իրավաբանորեն պարտադրող փաստաթղթի վերածվի: Դրա համար հեռանկարներ կան: Վիեննայում նախագահները սկզբունքային պլանում պայմանավորվել են հարցերի էության մասին բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտության շուրջ: Կուզեի հուսալ, որ գերիշխում է կառուցողական տրամադրությունը»,- նշել է Պոպովը:

Ինչ վերաբերում է զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմներին, ապա բարձր մակարդակով համաձայնություններ ձեռք են բերվել համապատասխան մեխանիզմների աշխատանքներն ավարտելու հարցով, եւ հիմա ԵԱՀԿ մասնագետները զբաղվում են դրանով: «Անցյալ շաբաթ ՄԽ գործընկերների հետ փորձագիտական մշակումները փոխանցեցինք Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներին: Սպասում ենք կողմերի եզրակացությանը»,- ասել է Պոպովը: