Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եղած պլաններով խաղաղության աջակցության միջազգային ուժեր տեղակայելը նախատեսվում է: Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
«Գործնականում խաղաղապահների տեղակայման հարցը կարող է առաջանալ այն բանից հետո, երբ կարգավորման հարցում ձեռք կբերվեն հիմնական համաձայնությունները: Խաղաղապահների տեղակայմանը պետք է նախորդի ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւի ընդունումը, ինչպես դա նախատեսված է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ: Խաղաղապահ կոնտինգենտը ընտրվելու է հակամարտության կողմերի համաձայնության հիման վրա ընտրված երկրներից»,- ասել է միջնորդը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում Լեռնային Ղարաբաղին բանակցությունների կողմ դարձնելուն եւ ՄԽ համանախագահների թիվը մեծացնելուն, այդ թվում՝ Գերմանիայի հաշվին, Իգոր Պոպովը նշեց. «Ղարաբաղցիներն այս փուլում չեն մասնակցում բանակցություններին, սակայն այդ թեմային շատ մեծ ուշադրություն է դարձվում Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ համանախագահների այցելությունների ընթացքում: Ենթադրում եմ, որ որոշակի փուլում, օրինակ, երբ ձեռք բերվի շրջանակային համաձայնագիր, կնախատեսվի այդ հնարավորությունը, որպեսզի նրանք վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմի ընդլայնմանը, ժամանակ առ ժամանակ այդ թեման հայտնվում է լրատվամիջոցներում եւ սկսում է ակտվ շրջանառվել քաղաքական հասարակության կողմից: Սակայն ո՛չ մեր եռյակի հետ բանակցությունների ընթացքում, ո՛չ մյուս միջնորդների հետ շփումների ժամանակ համանախագահների թվի ավելացման հարցը չի քննարկվել: Համաձայնության գալը կախված չէ համանախագահների քանակից, այլ փոխզիջման գնալու կողմերի պատրաստակամությունից:
Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա նա՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ երկիր եւ ՄԽ անդամ, ակտիվ աշխատում է ղարաբաղի խնդրի ուղղությամբ, անմիջական մասնակցություն է ունենում Վիեննայի համաձայնագրերի իրականացման գործում: Համանախագահները ամենասերտ շփումների մեջ են Գերմանիայի ներկայացուցիչների հետ»,- նշել է Պոպովը:





























