Քաղաքական ամառը մեկնարկեց պատմական իրադարձությամբ: Այդ մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին ամբիոնից ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Առաջին աշխարհամարտում Օսմանյան Թուրքիայի երբեմնի դաշնակից Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Դա լուրջ քայլ էր ցեղասպանությունների միջազգային ճանաչման ընդլայնման ուղղությամբ եւ կրկնակի մեծ հարված թուրքական ժխտողականությանը: Ճանաչմանը հաջորդեց Թուրքիայի հիստերիկ արձագանքը, սակայն ոչ պակաս հիստերիկ էր նաեւ երկրորդ թուրքական պետության առաջնորդ Ալիեւ կրտսերի հոխորտանքը, երբ նա Բունդեսթագի բանաձեւը կեղծիք եւ սադրանք որակեց: Ավելին՝ Ալիեւը Բունդեսթագին մեղադրեց նաեւ անցած տարվա հունիսին հակաադրբեջանական բանաձեւ ընդունելու հարցում՝ նեղսրտելով, թե Գերմանիան Ադրբեջանը համարում է ոչ  ժողովրդավարական երկիր: Ինչպիսի՜ զավեշտ. փոքրիկ բռնապետը ժողովրդավարության  դասեր է տալիս Գերմանիային»,- ասել է նա:

Ըստ ԱԺ փոխխոսնակի, սրանով ալիեւյան անհեթեթությունները չեն ավարտվում: «Օրերս նա հանդես եկավ հայտարարությամբ,  որտեղ, մեղմ ասած, խեղաթյուրելով պատմությունը՝ ձեռնոց նետեց ոչ ավել, ոչ պակաս անտիկ հեղինակներին՝ Ստրաբոնին, Պոլիբիոսին, Դիոն Կասիոսին, Պլուտարքոսին, Պտղոմեոսին: Ավելին՝ նա իր հայտարարությամբ փորձում է «սխալ հանել» բրիտանական հանրագիտարանը, ԽՍՀՄ ակադեմիական հրատարակության «Համաշխարհային պատմությունը»՝ նշելով, որ ոչ միայն Արցախն է ադրբեջանական տարածք, այլեւ Սյունիքից մինչեւ Երեւան եղել են պատմական Ադրբեջանի տարածքներ: Այս անհեթեթություններին անդրադառնալու որեւէ անհրաժեշտություն չէր լինի, եթե դրանց հեղինակը չլիներ պետության առաջնորդ: Սուբյեկտիվության մեջ չմեղադրվելու համար՝ այժմ որեւէ հայկական սկզբնաղբյուր չեմ մատնանշի:

Այսպիսով՝ անտիկ հեղինակ Ստրաբոնը նշում է, որ  Հայաստանի եւ Ատրպատականի հարավային սահմանագիծն անցնում է Արաքս գետով: Այսինքն՝ ներկայիս Ադրբեջանը պատմական Ատրպատականի տարածքի հետ որեւէ աղերս չունի»,- ասել է Շարմազանովը: