ՉԺՀ-ի իշխանությունները Հոնկոնգում մեծածախ առեւտրի շուկայում   4,5 հազար թռչուն են ոչնչացրել, երբ որոշ թռչունների մոտ թռչնագրիպի H7N9 վիրուսն է հայտնաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Ռոյթրզ գործակալությանը: 

Վիրուսը հայտնաբերվել է հավերի, աղավնիների եւ այլ թռչունների մոտ` երկու օր առաջ, ինչից հետո իշխանությունները դադարեցրել են առեւտուրը: 

«Անվտանգությունն ամեն ինչից վեր է: Ես աջակցում եմ իշխանությունների որոշմանը», — հայտնել է առեւտրականներից մեկը: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարեսկզբից չինական Հուանդուն նահանգում մարդու թռչնագրիպի H7N9 վիրուսով վարակման   12 դեպք է գրանցվել, ինչը  83 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, թռչնագրիպը թռչունների վարակիչ հիվանդություն է, որը հաճախ առանց ակնհայտ ախտանիշների է ընթանում: Որոշ դեպքերում վիրուսը կարող է հաղթահարել տեսակային պատնեշը եւ առանց ախտանիշների վարակներ առաջացնել մարդկանց եւ կենդանիների մոտ: