Հայաստանն այս պահին աշխարհի լավագույն վայրն է այցելելու, լավ սնվելու, լավ արեւ ընդունելու, ատամ բուժելու, ընտիր մրգեր համտեսելու, ուրախ երեկոներ անցկացնելու, տեսարժան վայրեր գնալու համար: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ աշխարհով մեկ ապրող հայերին կոչ անելով այցելել Հայաստան:
«Մեր հայրենակիցները աշխարհի տարբեր ծայրերում արթնանում ու կարդում են լրատվություն այն մասին, թե թուրքերն ինչ ասեցին, ադրբեջանցիների ինչ հերթական տգիտություն են մոգոնել, որտեղ վրաերթ եղավ, ով ում է մեղադրում կաշառակերության մեջ եւ այլն: Հավաքական տպավորությունը պարզ է, թե ինչպիսինն է լինում: Ինքս հարյուր անգամ իմ վրա եմ զգացել նույնը: Բայց դա իրականության ամբողջական պատկերը չէ, բարեկամներ, լրատվություն կարդալուց չպետք է դա ընկալել որպես` կյանքը Հայաստանում: Եկեք Հայաստան, այստեղ իսկապես հրաշալի է»,- նշեց Թեւան Պողոսյանը:
Թեւան Պողոսյանը նշեց նաեւ, որ Հայաստանում անվտանգ է, կոչ անելով բոլորին դա փոխանցել իրենց բարեկամներին, որ արտերկրում են:





























