Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցեւիչը կարծում է, որ հունիսի 5-ին Ղախազստանում ահաբեկչությունը տեղի է ունեցել Ռուսաստանի հետ այդ երկրի բարեկամական հարաբերությունների պատճառով:
«Հասկանալով միտումները՝ կարծում եմ, որ հենց այդ բարեկամությունն է Ակտոբեում առաջացած հուզումների պատճառ դարձել: Այսօր լրջորեն զբաղվում են Միջին Ասիայով: Միանշանակ կարող եմ ասել, որ այդ գործողությունները համակարգվում են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների միջոցով»,- հայտարարել է սենատորը:
«Մոսկվան է խոսում» ռադիոկայանի փոխանցմամբ, գործիչը կարծում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների մասնակցությունն ապացուցելն անհնար է:
Ավելի վաղ Ղազախստանի ՆԳՆ-ն հաղորդել էր, որ ծայրահեղականների հարձակումներից հետո 7 անձ հետախուզման մեջ է, հակաահաբեկչական գործողության ժամանակ 13 հանցագործ է սպանվել, եւս 4-ը՝ վիրավորվել:
Հունիսի 5-ին անհայտ անձինք հարձակվել էին Ակտոբեում երկու զենքի խանութի եւ զորամասի վրա: Առաջին խանութում ծայրահեղականները գնդակահարել էին դեպքի վայր ժամանած անվտանգության պահպանության աշխատակիցներից մեկին, մյուսին՝ վիրավորել, այնուհետեւ վիրավորել նաեւ երեք ոստիկանի: Երկրորդ խանութում մի գնորդ էր սպանվել:





























