Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ափսոսանք է հայտնել, որ երկրում այդքան էլ շատ չէ եբրայերեն խոսողների թիվը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ասուլիսի ժամանակ Իսրայելի վարչապետին հարցն են ուղղել, որը թարգմանիչը ռուսերեն չի թարգմանել՝ պատճառաբանելով, որ այն վերաբերում է «զուտ իսրայելական ներքաղաքական հարցերի»: Չի թարգմանվել նաեւ Նեթանյահուի պատասխանը:
«Ափսոս, որ մեզ մոտ շատ մարդ չի խոսում եբրայերեն»,- ի պատասխան նկատել է Պուտինը:
Դրանից առաջ Նեթանյահուն գոհունակություն էր հայտնել, որ Կրեմլից ոչ հեռու ռուսական կառավարության աջակցությամբ եբրայերենի ուսումնասիրության կենտրոն է բացվել: Նա հույս է հայտնել, որ «ժամանակի ընթացքում Ռուսաստանում եբրայերեն խոսողների թիվը կհամապատասխանի Իսրայելում ռուսերեն խոսողների թվին»:





























