Աշխարհում անվտանգության մակարդակն անկում է ապրում, ընդամենը 10 երկիր կարող է հակամարտություններից ամբողջությամբ ազատ համարվել, հայտնում են Խաղաղասիրության համաշխարհային ինդեք– 2016-ի հեղինակները:
Մերձավոր Արեւելքում վատացող իրավիճակը, փախստականների խնդրի չլուծված լինելը, ահաբեկչական գործունեության հետեւանքով մահերի թվի աճը. ինդեքսի ցուցանիշների վատացման այսպիսի պատճառներ է թվարկում Independent թերթը:
Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի տվյալներով, որի փորձագետները կազմում են ինդեքսը, տարվա ընթացքում, որեւէ հակամարտությունից, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, ամբողջությամբ ազատ են այսօր համարվում Բոթսվանան, Չիլին, Կոստա Րիկան, Ճապոնիան, Մավրիկիան, Պանաման, Կատարը, Շվեյցարիան, Ուրուգվայը եւ Վիետնամը:
Ընդհանուր առմամբ մոտ 80 երկիր նախորդ տարվա ընթացքում ավելի խաղաղասեր է դարձել, միաժամանակ 79 պետությունում իրավիճակն ընդհակառակը վատացել է: Գրեթե 40 երկրում աճել է քաղաքական անկայունությունը, այդ թվում` Բրազիլիայում, որը «դուրս է մնացել» հակամարտություններից ազատ պետությունների թվից:
Աշխարհի ամենախաղաղասեր երկիր դարձյալ անվանվել է Իսլանդիան, որին հետեւում են Դանիան, Ավստրիան, Նոր Զելանդիան եւ Պորտուգալիան: Անցյալ տարվա նման, այս տարի էլ ցուցակը եզրափակում է Սիրիան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























