Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարգադրել է ոչնչացնել Ակտոբայում ահաբեկչությունների կապակցությամբ որոնվող ծայրահեղականներին, եթե նրանք զինված դիմադրություն ցուցաբերեն: Այս մասին հայտնում է նախագահի կայքը
«Մենք գիտենք, որ նրանք այս տարածքում են, նրանց ինքնությունը հայտնի է, բնակչությունը նախազգուշացված է: Անհրաժեշտ է ձերբակալել բոլոր հանցագործներին: Զինված դիմադրության դեպքում էլ ոչնչացնել: Բոլորը պետք է խստագույնս պատժվեն»,- ասել է Նազարբաեւը:
Ավելի վաղ Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Ժումականովը հայտնել էր, որ Ակտոբայում ահաբեկչության նախապատրաստման փուլում 20 ծայրահեղական հրաժարվել է մասնակցությունից:
Նախօրեին Ղազախստանի գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Ակտոբայում ծայրահեղականների հարձակումից հետո ավելի քան 20 քրեական գործ է հարուցվել:





























