Երեւանում կայացած ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի նիստի գլխավոր թեման եղել է ահաբեկչության դեմ պայքարի հավաքական ջանքերը: Այս մասին հունիսի 8-ին՝ Երեւանում ՀՀ Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գեւորգյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Հիշեցնենք, որ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ հաշվի առնելով Մոսկվայում նախորդ տարի՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունը՝ մշակվել են ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ հակազդեցության լրացուցիչ միջոցներ: Դրանք ներառում են քաղաքական, ուժային, վարչական, իրավական բնույթի միջոցառումներ: «Կան շատ լուրջ առաջարկներ, որոնք կներկայացվեն հոկտեմբերին Երեւանում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում»,- նշել է Բորդյուժան:
Նիստում անդրադարձ է կատարվել նաեւ հավաքական անվտանգության ռազմավարության մշակմանը: Բորդյուժայի խոսքով՝ փաստաթուղթը գրեթե համաձայնեցված է: «Հուսամ՝ հոկտեմբերին այն կհաստատվի»,- ասել է նա:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ խոսք է գանցել անվտանգության համակարգում ռոտացիայի մասին: Հաստատվել է ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների ցուցակը, որոնք ՀԱՊԿ տարածքում օրենքից դուրս են ճանաչված: Եթե 2009-ին կար 32 կառույց, հիմա դրանց թիվը 92-ն է:
ԱԱԽ քարտուղարները հաստատել են որոշ փաստաթղթեր, որոնք վերաբերում են հավաքական ուժերին եւ կապի կառավարման համակարգերին: Քարտուղարները պայմանավորվել են հերթական նիստն անցկացնել հոկտեմբերին Երեւանում Հավաքական անվտանգության ուժերի նստաշրջանից առաջ:





























