Հայաստանի եւ Չեխիայի միջեւ առեւտրաշրջանառությունը 2015թ.-ին կազմել է մոտ 22 մլն դոլար. հայ-չեխական գործարար համաժողովներից հետո այդ թիվը կարող է աճել։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, հայ-չեխական գործարարի համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։
«Այսօրվա համաժողովը թվով երրորդն է այս տարվա ընթացքում, մասնակցում են հայկական 85-ից ավելի եւ չեխական 26-ից ավելի ընկերություններ։ Պետք է նշել, որ տնտեսական առումով երկխոսությունը երկու երկրների միջեւ բավականին ակտիվացել է, քանի որ երկու կողմից էլ հետաքրքրություն կա։ Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք պետք է իրականացնել միասին»,- ասաց Գարեգին Մելքոնյանը։
Ըստ փոխնախարարի՝ չեխ գործարարներին այսօր առավել հետաքրքրում է Հայաստանը՝ հաշվի առնելով մեր երկրի մուտքը դեպի եվրոպական շուկա, Իրանի անմիջական հարեւանությունը. «Այսօր արդեն իսկ երկու տասնյակից ավելի չեխական ընկերություն կա, որ Հայաստանում գործում է»։
Նշենք, որ Երեւանում ընթանում է հայ- չեխական գործարար համաժողովը, որի ժամանակ քննարկվում են երկու երկրների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր։





























