Չեխիայի ԱՊՀ երկրների առեւտրի պալատի նախագահ Ֆրանտիշեկ Մասոպուստը հույս ունի, որ առաջիկայում «Չեխական ավիաուղիները» կվերականգնի իր թռիչքները դեպի Երեւան։

«Մենք շատ կցանկանայինք, որ թռիչքները վերականգնվեն, սակայն խնդիրը մեր տիրույթում չէ։ Խնդիրն այն է, որ այդ ընկերությունը մեծ չէ, իր սահմանափակումներն ունի եւ այնպես չէ, որ ամեն ինչ ունի։ Ես հույս ունեմ, որ այս ամռանը որեւէ փոփոխություն կլինի այս հարցում»,- այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, հայ- չեխական գործարար համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Մասուպուստը։

Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նույնպես հույս ունի, որ չեխական ավիաընկերությունները կսկսեն թռիչքներ իրականացնել դեպի Երեւան։

«Հայկական կողմի ամբողջական պատրաստակամությունը կա, այստեղ խոսքը չեխական ավիաընկերությունների բիզնես գործընթացների հաշվարկներն են։ Մենք հույս ունենք մր օր լսել, որ չեխական ավիաընկերությունը վերականգնել է թռիչները դեպի Երեւան»,- ասաց նախարարի առաջին տեղակալը։

Հիշեցնենք, որ «Չեխական ավիաուղիները» Երևանից չվերթները դադարեցրել էր 2014 թվականի հոկտեմբերի 13-ից: