Բռնապետական Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որի քաղաքական հակառակորդներն ու լրագրողները բանտում են, վստահ է, որ իր երկրում «հարգվում են» մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Այս մասին գրում է գրում է Tagesspiegel-ը:

Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով կանցլերի այն դիտարկմանը, թե Գերմանիան ուզում է տեսնել Ադրբեջանում ազատ եւ թափանցիկ հասարակություն, որտեղ չի ոտնահարվում մամուլի ազատությունը, Ալիեւը հակադարձել է, թե ադրբեջանցիների 75 տոկոսն օգտվում է ինտերնետից:

«Մենք Ադրբեջանում հավատարիմ ենք մարդու իրավունքների ու ժողովրդավարության պարտավորություններին: Մենք ունենք ինտերնետ, եւ ադրբեջանցիների 75 տոկոսն ազատ օգտվում է դրանից: Մարդու բոլոր հիմնարար ազատությունները՝ խոսքի ազատություն, հանրահավաքների ազատություն, մամուլի ազատություն մեր երկրում պահպանվում են»,- ասել է բռնապետական երկրի նախագահը:

Ավելին՝ Ալիեւն այնքան է տարվել պատրանքներով, որ սկսել է խոսել կրոնի ազատությունից եւ ազգային փոքրամասնությունների իրավահավասարությունից: «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը օրինակ է ծառայում, թե ինչպես մի երկրի տարածքում տարբեր կրոնների դավանող մարդիկ կարող են ազատ ապրել ներդաշնակության եւ խաղաղության մեջ»,- վստահություն է հայտնել Ալիեւը: