Ֆրանսիական կառավարությունը հավանություն է տվել ջրհեղեղից տուժած 782 համայնքում տարերային աղետի ռեժիմ մտցնելու մասին հրամանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով  BFMTV հեռուստաալիքին:

«Կառավարության հրապարակած դեկրետը տարերային աղետի ռեժիմ է ճանաչում 782 համայնքում, որոնք տեղակայված են 16 դեպարտամենտում: Մոտ ժամանակներս կարելի է այդ ցուցակի ընդլայնում ակնկալել. դեռեւս ոչ բոլոր հայտարարություններն են դիտարկվել», — հայտնել են հեռուստաալիքի եթերում:  

Դիտարկման է սպասում ֆրանսիական համայնքներից եւս 215 հայտարարություն: 

Տարերային աղետի ռեժիմի ներմուծումը ջրհեղեղից տուժածներին թույլ կտա արագ ստանալ ապահովագրական վճարները ջրից փչացած ունեցվածքի համար: Բոլոր վճարումներն իրականացնելու համար ապահովագրողները երեք ամիս կունենան: 

Շարունակական անձրեւների հետեւանքով Ֆրանսիայի որոշ շրջաններում լայնածավալ ջրհեղեղներ են տեղի ունեցել:  Սենի ջրի մակարդակը Փարիզի քաղաքային սահմանագծում բարձրացել է մինչեւ վերջին  34 տարվա ընթացքում ռեկորդային ցուցանիշ` վեց մետրից ավելի:   

Ջրհեղեղի զոհ է դարձել հինգ մարդ, առավելապես տարեցներ: Եվս   20 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել: