Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների անվտանգության խորհուրդների պատվիրակությունների ղեկավարներին եւ Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ովքեր Երեւանում են գտնվում Կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երեւանյան նիստին մասնակցելու նպատակով:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում եւ ընդգծել, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, մեծ կարեւորություն է տալիս այս նիստի անցկացմանը, որը լավ հիմքեր է ստեղծում հոկտեմբերին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի համար: Սերժ Սարգսյանը կարեւորել է «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության» ընդունումը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունների շարքում է: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ առաջնայնությունների իրականացման հետ անմիջականորեն կապված մի շարք հարցեր արձագանք են գտել Կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երեւանյան նիստի օրակարգում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության նախագահին ներկայացրել է Երեւանում կայացած նիստի արդյունքները, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերը, նշելով, որ կոմիտեի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում եւ եղել է արդյունավետ: Նիկոլայ Բորդյուժան առանձնացրել է հատկապես նիստում քննարկված՝ միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության համակարգերի զարգացման հարցում լրացուցիչ միջոցառումները եւ այդ պայքարի ուղղությամբ ջանքերի կանոնակարգմանն ուղղված քայլերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին՝ հետագա ծրագրերի իրականացման գործում: