ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում նա իր խնդիրն է համարում ընտրողներին հիշեցնել, որ ԱՄՆ նախագահ լինելը լուրջ աշխատանք է, այլ ոչ թե ռեալիթի շոու, փոխանցում է BBC-ն:
Այդպիսով նա ակնարկել է Դոնալդ Թրամփի հեռուստատեսային կարիերան, որը նրան հնարավորություն է տվել դառնալ նախագահի թեկնածու: Օբաման «Էն Բի Սի»-ի եթերում ասել է, որ Թրամփը նախագահի պաշտոնում մեծ վնաս կհասցնի երկրին:
Միաժամանակ Օբաման առաջին անգամ մեկնաբանել է դեմոկրատների ներկուսակցական ընտրությունների արդյունքները: Դրանից մեկ օր առաջ Հիլարի Քլինթոնը ամրապնդել էր իր հաղթանակը Վերմոնտի նահանգի սենատոր Բերնի Սանդերսի նկատմամբ:
Օբաման հույս է հայտնել, որ Սանդերսը կընդունի իր պարտությունը, ինչը թույլ կտա Դեմոկրատական կուսակցության շարքերում վերականգնել միասնությունը:
Հունիսի 8-ին հայտնի էր դարձել, որ Քլինթոնը կուսակցական պատվիրակների համագումարում բավականաչափ ձայն է հավաքել, որպեսզի դառնա ԱՄՆ պատմության առաջին կինը, որին նախագահի պաշտոնում կառաջադրի երկրի խոշորագույն կուսակցությունը:





























