Անցյալ շաբաթ՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Կենտրոնական բանկը վերսկսել է արտարժութային շուկայում դոլարի գնումները՝ կանխելու դրամի կտրուկ արժեւորումը։ Տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում։ Ըստ այդմ, ընդհանուր առմամբ, ԿԲ -ի կողմից գնվել է 7,3 մլն դոլար։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ դրամը «սպառնում էր» հատել 1 դոլար/360 դրամ սահմանագիծը, եւ միայն ԿԲ միջամտության շնորհիվ այն առժամանակ կայունացավ 361-ի սահմաններում։ Այնուամենայնիվ՝ սեպտեմբերի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում գրանցվեց վերջին 1,5 տարում դոլարի վաճառքի ամենացածր գինը՝ 360,6 դրամ 1 դոլարի դիմաց։ Ըստ երեւույթին, ԿԲ միջամտության շնորհիվ հոկտեմբերի 1-ին դոլարը մի փոքր թանկացավ։
Այս շաբաթը նույնպես դրամն արժեւորմամբ է սկսել։ Ֆոնդային բորսայում դոլարի վաճառքի միջին գինը կազմել է 360,99, իսկ նվազագույն գինը՝ 360,95։
Կանխիկ արտարժույթի փոխանակման երեւանյան կետերը դոլարն ընդունում են որպես կանոն 360-ից ցածր փոխարժեքով, վաճառում՝ 363-ով կամ 364-ով։ Փոխարժեքային մարժայի աճը վկայում է շուկայի անորոշ սպասումների մասին։





























