«Գահերի խաղը» սերիալ կարող է վերադառնալ հերթական «մոռացված» հերոսը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Time-ը:
Լուրը պաշտոնապես չի հաստատվել, սակայն սերիալի երկրպագուները վեցերորդ սեզոնի 8-րդ սերիայի մասին պատմող հոլովակում Սիրիո Ֆորելին հիշեցնող մարդու ուրվագիծ են նկատել:
Ֆորելը Բրաավոս քաղաքից հայտնի սուսերամարտիկ է: «Գահերի խաղի» առաջին սեզոնում հենց նա էր Արիա Սթարքի ուսուցիչը: Ենթադրվում է, որ Ֆորելը զոհվեց՝ պաշտպանելով իր աշակերտուհուն, սակայն նրա զոհվելու պահը հեռուստադիտողին չներկայացվեց:
Հոլովակի հրապարակումից հետո «Գահերի խաղի» երկրպագուները ենթադրում են, որ Ֆորելը վերադառնալու է: Այս ենթադրության օգտին է խոսում նաեւ Twitter-ում երկրպագուներից մեկի հարցին Ֆորելին մարմնավորած դերասան Միլտոս Երոլիմուի պատասխանը: Նա ուղղակիորեն չի հայտարարել իր վերադարձի մասին, բայց համարվում է, որ նրա հրապարակած էմոձիները հենց այդ մասին են վկայում:




























