Ֆրանսիական Givenchy նորաձեւության տունը ներկայացրել է 2017 թվականի գարնանային հավաքածուի նախնական տարբերակը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով HighSnobiety-ը:
Givenchy-ի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշիի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել «ռոմանտիկ սափրագլուխները» եւ 1990-ականների ընդհատակյա երաժշտությունը: Կանացի հավաքածուում ներառվել են ուղիղ կիսաշրջազգեստներ եւ քուղերով ծանր ճտքակոշիկներ, տղամարդկանց հավաքածուում՝ մարզական տաբատներ բոմբեր-բաճկոններ: Բոլոր իրերը քսանամյա վաղեմության երիտասարդական ենթամշակույթի ոգով են, ինչը հագուստին ավելի շատ փողոցային, քան պոդիումի տեսք է տալիս:
Givenchy ֆրանսիական նորաձեւության տունը 1952 թվականին հիմնել է Յուբեր դը Ժիվանշին: Այն հագուստ, կոշիկ, աքսեսուարներ եւ օծանելիք է թողարկում: Նորաձեւության տան հաճախորդներն են եղել Օդրի Հեփբերնն ու Ժակլին Քենեդին: Իսկ Ռիկարդո Տիշին նորաձեւության տանն աշխատում է 2005 թվականից:




























