Իտալական Il Giornale թերթի կողմից Ադոլֆ Հիտլերի «Մայն Քամպֆ» աշխատության հրատարակումը, որը համատեղում է Հիտլերի ինքնակենսագրությունն ու նացիոնալ- սոցիալիզմի գաղափարների շարադրանքը, քաղաքական մեծ բանավեճ է առաջացրել երկրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»
Թերթի գլխավոր խմբագիր Ալեսսանդրո Սալուստին որոշել է թերթի շաբաթ օրվա համարին կցել Հիտլերի քաղաքական մանիֆեստի ութ հատորներից առաջինը: Թերթի այս հավելվածը կարող է ստանալ ցանկացած ընթերցող, որն այսօր թերթ կգնի:
Այս որոշումը բուռն վրդովմունք ու քննադատություններ է առաջացրել Իտալիայի հրեական համայնքի, Իսրայելի դեսպանության ու իտալացի շատ քաղաքական գործիչների, այդ թվում երկրի վարչապետ Մաթեո Ռենցիի կողմից:
la Repubblica թերթը նշում է, որ Հռոմում Իսրայելի դեսպանատունը «զարմանք» է արտահայտել «Մայն Քամպֆի» հրատարակության կապակցությամբ, իսկ հրեական համայնքը կատարվածը «անպարկեշտ արարք» է անվանել:
«Ինձ ողորմելի արարք է թվում, որ իտալական շաբաթաթերթն ասսօր ընթերցողներին է նվիրում Հիտլերի «Մայն Քամպֆը» ,- իր հերթին գրել է Ռենցին Facebook սոցցանցի իր էջում:
Il Giornale –ի գլխավոր խմբագիր Սալուստին էլ իր հերթին, պատասխանելով իր հասցեին քննադատություններին , նշել է «Հասկանալու համար , թե ինչպես կարող էր բացարձակ չարիք ծնվել , պետք է ծանոթ լինել աղբյուրին ու չվախենալ 20-րդ դարի ողբերգությունը պատմական տեսանկյունից դիտարկելուց»:




























