Քենթի համալսարանի հետազոտողները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզվել է, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի երիտասարդները կանխակալ չվերաբերվեն տարեցներին: Շատ բան պետք չէ. ընդամենը, որ նրանց ընկերները նման ընկերությունների օրինակներ ունենան, հայտնում է Planet- today-ը:

Պարտադիր չէ, որ երիտասարդ մարդիկ իրենցից տարիքով ավագների հետ շփման մեջ լինեն: Նրանց հերիք է իմանալ, որ իրենց ընկերներն ունեն այնպիսի ընկերներ, որոնք չեն խուսափում նման շփումից: Հենց միայն իմանալը մեծացնում է հավանականությունը, որ ապագայում նրանք եւս լավ հարաբերություններ կունենան նրանց հետ, ովքեր տարիքով մեծ են իրենցից: 

Հետազոտությանը մասնակցածները հարցերի են պատասխանել այն մասին, թե որքան հաճախակի են շփվել իրենցից մեծ մարդկանց հետ, արդյոք այդ շփումը դրական հույզեր է առաջացրել եւ տեղյակ են արդյոք, թե կան իրենց ընկերների մեջ այնպիսիք, ովքեր շփվում են նման մարդկանց հետ եւ թե ընդհանուր առմամբ նրանք որքան լավ են վերաբերվում տարեցներին: Արդյունքում հետազոտողները պարզել են, որ այն երիտասարդները, որոնց մոտ այդ շփումը դրական է եղել, ավելի քիչ են կանխակալ վերաբերմունք ունեցել: Նման արդյունք են  ցուցադրել նաեւ նրանք, ովքեր ունեցել են նման ընկերներ:    

Դա կապված է շատ պարզ փաստի հետ: Երիտասարդները, որոնք իմացել են, որ իրենք ունեն այնպիսի ընկերներ, որոնք շփվում են տարեցների հետ, այնքան էլ չեն անհանգստացել այդ առումով, որովհետեւ նրանք այդ իրավիճակն ընկալում էին որպես նորմալ եւ տարածված: