Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության դիտարժան խաղերով ամառային մեկամսյակը կանցկացնեն նաեւ ֆուտբոլի երկրպագու քաղաքական, հանրային դեմքերը, որոնք NEWS.am-ի հետ զրույցում պատմել են իրենց կանխատեսումների ու սիրելի թիմերի մասին։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը վստահեցնում է, որ բավականին դրամատիկ ու գեղեցիկ ֆուտբոլային խաղերի միամսյակ է սպասվում։ Նա երկրպագում է Իսպանիայի հավաքականին։ «Եվրոպայի առաջնությունը ինքնին մեծ ֆուտբոլային տոն է, որի յուրաքանչյուր խաղ հետաքրքիր էջ է, որն անհրաժեշտ է վայելել»,- ասել է նա։

Պատգամավորը կարծում է, որ շատերի կողմից սիրված Հոլանդիայի հավաքականի չմասնակցելն անգամ չի խամրեցնում «Եվրո-2016» առաջնության փայլը։

«Հոլանդիայի հավաքականի չմասնակցելը բնավ չի խամրեցնում առաջնության փայլը։ Երեկ արդեն տեսանք չեմպիոնական հայտ ներկայացրած Ֆրանսիային՝ իր խաղով, կամային հատկանիշներով, կարծում եմ՝ նույնը կարելի է ասել Անգլիայի, Գերմանիայի հավաքականների մասին: Վերջինս բավականին երիտասարդ թիմ է, բայց շատ խոստումնալից։ Այնպես որ չափազանց դրամատիկ հետաքրքիր, միամսյակ է սպասվում»։

Ըստ Ֆարմանյանի կանխատեսումների՝ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու շանսեր ունեն Գերմանիայի, Բելգիայի, Անգլիայի հավաքականները, թեեւ իր սրտով կլինի Իսպանիայի հաղթանակը։

«Կուզենայի, որ Իսպանիայի հավաքականը եւս մեկ անգամ նվաճեր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, որովհետեւ եվրոպական առաջնություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ես Իսպանիայի հավաքականին եմ երկրպագում։ Ինչ վերաբերում է իմ կանխատեսումներին, թե որ թիմը կհաղթի, ապա կարծում եմ՝ բավականին լավ շանսեր ունի, ինչպես միշտ, Գերմանիայի հավաքականը եւ նաեւ գտնում եմ՝ Անգլիայի եւ Բելգիայի հավաքականները։ Ես ցանկանում եմ, որ հաղթի Իսպանիան, բայց կարծում եմ դա կարող է պատահել նաեւ Գերմանիայի հետ»,- կանխատեսել է պատգամավորը։

Ի հեճուկս իշխանության ներկայացուցչի՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Եվրո-2016» առաջնությունում Հոլանդիայի բացակայությունը նկատում է։ Արման Մուսինյանը Անգլիայի հավաքականի երկրպագու է։ «Իհարկե, լավ չէ, որ Հոլանդիան չի մասնակցում, քանի որ այն թիմն է, որը միշտ գեղեցկացնում է խոշոր մրցաշարը՝ լինի Եվրոպայի, թե աշխարհի առաջնություն։ Ես կուզեի, որ եզրափակիչում լինեին Անգլիան եւ Իսպանիան։ Բայց ենթադրում եմ, որ լուրջ շանսեր ունեն երկու թիմ՝ ֆրանսիացիները, որ շատ լավ թիմ են ձեւավորել եւ գերմանացիները, որոնք տրադիցիոն ուժեղագույն թիմերից են»,- արձանագրել է Մուսինյանը։

Կրթության նախկին նախարար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը դեռեւս 1974 թվականից Գերմանիայի հավաքականի մոլեռանդ երկրպագուն է։ Անկախ հաղթել-չհաղթելուց սիրում է։ «Հնարավոր է, որ գերմանական ֆուտբոլը բրազիլականից ու իսպանականից տարբերվում է, որ էնքան էլ թիթիզ ու գեղեցիկ չէ, բայց շատ խելացի ֆուտբոլ է։ Գերմանական փիլիսոփայության եւ դասական երաժշտության նման է գերմանական ֆուտբոլը, դրա համար էլ ես իրենց սիրում եմ»։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը Հայաստանի հավաքականի երկրպագուն է, բայց քանի որ Հայաստանի հավաքականը այստեղ չկա, նա այս առաջնությանը կհետեւի՝ որպես գեղեցիկ խաղերի. «Ես Հայաստանի հավաքականին եմ երկրպագում, ափսոս չկա... ասեմ՝ ժամանակին Հոլանդիային էի հավանում։ Հոլանդիան էլ չի մասնակցում, երեւի հիմա ավելի շատ փորձեմ Իսպանիայի հավաքականին հետեւել։  Եվրոպայի առաջնությունը ինձ համար ավելի շատ կլինի գեղեցիկ ժամանակ անցկացնելու հնարավորություն։ Ավելի շատ այս իմաստով, քան թե մտահոգ լինելու, թե որ թիմը կդառնա Եվրոպայի չեմպիոն»։

Նրա համար դեռ վաղ է կանխատեսել մրցաշարի արդյունքը, բայց կցանկանար, որ չեմպիոնի տիտղոսին արժանանար անհավանական համարվողներից որեւէ թիմ. «Կանխատեսումներ չունեմ, ուղղակի սպասումների իմաստով գիտես, որ կան մի քանի երկրներ, որոնք ուժեղ խաղ են ցուցադրում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, հուսով եմ, որ գեղեցիկ խաղ ցույց կտան, բայց շատ ուրախ կլինեի տեսնել, այսպես ասած, «քինդեր սյուրպրիզ», որ ոչ այդքան ուժեղ հավանականություն ունեցող թիմերից մեկը կարողանար հասնել եզրափակիչ փուլի»։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի կանխատեսմամբ՝ «Եվրո-2016»-ի առաջնության հաղթողը կլինի Ֆրանսիայի հավաքականը։ Նա երկրպագում է միանգամից երկու երկրների՝ Ֆրանսիային եւ Իտալիային։  «Եթե եզրափակիչ դուրս գան Ֆրանսիան եւ Իտալիան, շատ հետաքրքիր խաղ կունենանք, իսկ եթե Ֆրանսիան հաղթի, շատ կուրախանամ»,- ասել է նա։

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի մենամարտության ֆակուլտետը եւ ձյուդոյի մարզիչ է, առաջնությանը կհետեւի՝ որպես ոլորտի մասնագետ։ Կոնկրետ նախասիրած թիմ չունի։ «Երեկ արդեն խաղին հետեւել եմ, դինամիկ խաղ էր, ինձ՝ որպես մասնագետի, այդքան հաշիվը չի հետաքրքրում, որքան թե ինչպիսի խաղ է տեխնիկական, տակտիկական առումով, խաղի գրագիտությունն եմ կարեւորում։ Բացումն ու առաջին խաղն էր շատ դիտարժան։ Սիրում եմ այն թիմերին, որոնք գեղեցիկ ֆուտբոլ են խաղում։ Առայժմ կանխատեսումներ չեմ անի, քանի որ առաջնությունը նոր է սկսվել»։

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը այս առաջնության ժամանակ երկրպագելու է Անգլիայի հավաքականին, բայց իր կանխատեսմամբ՝ Գերմանիան է հավակնում հաղթանակի։ «Անգլիական ֆուտբոլը շատ հավանում եմ խաղի ազարտի առումով, իհարկե, ընդունում եմ, որ կան շատ գեղեցիկ ֆուտբոլներ, ինչպիսին է Իսպանիայինը, Իտալիայինը եւ Բրազիլիայինը, բայց անգլիական թիմերի խաղաոճն է ինձ դուր գալիս։ Այս առաջնությանը երկրպագելու եմ Անգլիային»։

Այնուամենայնիվ, Սաֆարյանը չի կարծում, որ հաղթանակի ամենամեծ շանսերն ունի Անգլիան։ «Գիտեմ, որ մյուս թիմերը նույնպես անակնկալ խաղ կարող են ցույց տալ եւ ունեն բարձր մակարդակի խաղաոճ... Մի տեսակ տպավորություն ունեմ, որ Գերմանիայի հավաքականը կարող է լուրջ ֆավորիտներից մեկը լինել»։

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանի կարծիքով՝ եզրափակիչ փուլ կանցնեն Գերմանիայի եւ Իսպանիայի հավաքականները, կհաղթի Գերմանիան:

«Իհարկե, կցանկանայի, որ Ֆրանսիան հաղթեր, սակայն, իմ կարծիքով, Գերմանիայի շանսերն ավելի մեծ են: Այս առաջնությունում հատուկ թիմի չեմ երկրպագում, սիրում եմ  բարձրակարգ ֆուտբոլ նայել առանց նախատրամադրվածության, իսկ, առհասարակ, երկրպագում եմ Հայաստանի հավաքականին»,- նշել է նա:

Անկախ վերջին մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայում արձանագրված իրադարձություններից, քաղաքական գործիչները միաբերան պնդում են, որ ոչինչ չի կարող բացասաբար ազդել երկրպագուների բարձր տրամադրության վրա ու նրանց հետ պահել խաղերին հենց մարզադաշտից հետեւելու վայելքից։

«Առաջնության խաղերը երկրպագուների համար նույնն են, ինչ ուխտագնացությունը՝ մոլեռանդ հավատացյալների»,- փաստել է ֆուտբոլի մոլեռանդ երկրպագու Սամվել Ֆարմանյանը։