Մեքսիկացի մեդիամագնատ Կառլոս Սլիմ Էլուն դպրոցականների համար օգտագործած սմարթֆոններ հավաքելու ծրագիր է նախաձեռնել, որպեսզի երեխաները կարողանան հասանելիություն ստանալ ուսումնական նյութերին, հայտնում է Reuters–ը։
Աշխարհի խոշորագույն բջջային օպերատորներից մեկի սեփականատիրոջ խոսքով՝ իր América Móvil հոլդինգը ուսումնական կուրսեր պարունակող կայքերի անվճար հասանելիություն կապահովի։
Ընկերությունը մինչեւ 26 դոլարի սահմաններում 1-2 տարվա օգտագործման եւ լավ վիճակում պահպանված սմարթֆոններ կգնի։ Մագնատը հույս է հայտնել, որ Մեքսիկայում իր մրցակիցները կհետեւեն իր օրինակին եւ ուսումնական նյութերի ազատ հասանելիություն կապահովեն։
Նշենք, որ գործարարը Forbes–ի վարկածով միլիարդատերերի համաշխարհային ցուցակում 4-րդ տեղն է զբաղեցնում։





























