ԱՄՆ-ում ավանդական ԶԼՄ-ները շարունակում են վնասներ կրել տիրաժների նվազման, գովազդից եկամտի անկման եւ սոցցանցերի ժողովրդականության աճի ֆոնին: Այդ մասին ասված է Pew Research Center հետազոտական կենտրոնի նոր պրոֆիլային զեկույցում, որը չորեքշաբթի տարածվել է Վաշինգտոնում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթի հեղինակների կարծիքով, գործը փաստացի հասել է «ամբողջ ոլորտի վերակազմակերպմանը, որը վերաբերում է նույնիսկ լուրերի այն սպառողներին, որոնք չեն էլ կասկածում տեղի ունեցող տեկտոնական տեղաշարժերի մասին»:
Փաստաթղթի համաձայն, ԱՄՆ-ի թերթային սեկտորի համար 2015 հաշվետու տարին «երեւում է, վատագույնն էր 2008-2009 թվականների տնտեսական հետընթացի ժամանակվանից»: Օրաթերթերը միջինը կորցրել են տիրաժի եւս 7 տոկոսը եւ գովազդային եկամտի գրեթե 8 տոկոսը, «ներառյալ ոչ միայն տպագիր, այլեւ էլեկտրոնային տարբերակների վնասները», ընդգծել են մասնագետները: Նրանց խոսքով, ոլորտում շարունակվում են միաձուլումները եւ կլանումները, որոնք ուղեկցվում են աշխատատեղերի կրճատմամբ: Վերջին տվյալների համաձայն, ԱՄՆ-ի թերթերի խմբագրություններում մոտ 33 հազար մարդ է զբաղված` 20 հազարով պակաս, քան երկու տասնամյակ առաջ:
Փաստաթղթի հեղինակներն ընդգծել են, որ մինչեւ 30 տարեկան մարդկանց համար, գնալով ավելի հաճախակի, լուրերի հիմնական աղբյուր է դառնում ոչ թե հեռուստատեսությունը, այլ սոցցանցերը: «Երիտասարդությունից բացի, չափահաս ամերիկացիների 62 տոկոսը ներկայումս լուրերին ծանոթանում է սոցիալական մեդիաների կայքերում», - ասված է զեկույցում: Նրա կազմողների կարծիքով, տեղեկատվական հեռուստաալիքների խնդիրներն այժմ «հիշեցնում են այն խնդիրները, որոնց մեկ տասնամյակ առաջ բախվել էր թերթային ինդուստրիան»:
Անդրադառնալով ինտերնետային ԶԼՄ-ներում իրավիճակին, փորձագետները նշել են, որ «արդեն մի քանի տարի ակնհայտ է, որ ինտերնետի ֆինանսական իրողություններն անբարենպաստ են լրատվական կազմակերպությունների համար, ինչպես ավանդական, այնպես էլ` զուտ թվային»: Նրանց խոսքով, «ինտերնետում հնարավոր է փող աշխատել», բայց «ոչ լուրերով»:
«Թվային գովազդի վրա ծախսերի ընդհանուր գումարը 2015-ին աճել է 20 տոկոսով, մոտավորապես` մինչեւ 60 մլրդ դոլար... Բայց դրանից նախ եւ առաջ շահել են ոչ լրագրողական կազմակերպությունները: Իրականում անցած տարվա համեմատ գովազդային եկամտի տորթի դեռեւս մեծ բաժինը` 65 տոկոս, այժմ կլանվում է ընդամենը հինգ տեխնիկական ընկերության կողմից: Դրանց թվում լրագրողական կազմակերպություններ չկան, չնայած նրանցից որոշները` Facebook, Google, Yahoo и Twitter, լուրեր են ներառում իրենց առաջարկների փաթեթներում», - պարզաբանել են վերլուծաբանները:
Զեկույցի հեղինակները հաստատել են, որ առանց տեղեկատվություն հայթայթող եւ փոխանցող լրագրողների, դեռեւս անհնար է գլուխ հանել, չնայած ոմանք արդեն փորձում են «մեքենաներն օգտագործել լուրերի արտադրության մեջ»: Միաժամանակ փորձագետները խոստովանել են, որ նույնիսկ լավ շարադրված լուրերը «շատ չարժեն առանց բովանդակության տարածման եւ կառավարման ուժեղ ուղիների»: «Առայժմ պարզ չէ, թե հետագայում ով դեպի իրեն կձգի պարանը»` տեխնիկական մասնագետները, թե լրագրողները, թե «նրանք ինչպես կաջակցեն իրար որպես մեկ ամբողջի անբաժանելի բաղկացուցիչ մասեր եւ ի վերջո այդ ամենը ինչ կնշանակի տեղեկատվության հանրային հասանելիության համար», նշել են ամերիկացի վերլուծաբանները:





























