Վրաստանը ճիշտ է վարվել, որ դուրս է եկել ԱՊՀ կազմից, որովհետեւ պետք չէ լինել «կեղծ ու արհեստական» մի կառույցում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ու հավելել, որ ԱՊՀ-ին պետք չէ լուրջ վերաբերվել:

«ԱՊՀ-ն ռուսական նախկին կայսրապաշտական նկրտումներին ինչ-որ չափով ընթացք տվող կառույց է, այդ տարածքներում Ռուսաստանի գերակայությունը շեշտելու կառույց է ու որևէ բարոյաքաղաքական հեռանկար չունի: Այն ոչ մի արժեհամակարգի վրա ստեղծված չէ, ինչպես եվրոպական ընտանիքը»,- ընդգծել է նա:

Այնուհետեւ անդրադառնալով փաստին, որ վրացի սահմանապահները Բավրա գյուղի մոտ առաջ են եկել եւ հայտարարել, որ այդ տարածքները Վրաստանինն են, Պ. Հայրիկյանն ասել է. «Մենք Վրաստանի հետ դարավոր հարևաններ ենք ու մեր միջև որևէ լուրջ ընդհարում չի եղել: Բայց այսօր հայտնվել ենք տարբեր կողմերում` Հայաստանը հայ ժողովրդի ոխերիմ բարեկամ Ռուսաստանի հետ է, Վրաստանը` Ռուսաստանի դեմ է: Ինչ-որ տեղ սպասելի էր, որ վրացիներն ավելի ագրեսիվ կլինեին Հայաստանի հանդեպ, բարեբախտաբար, չափի մեջ են»: Նրա ներկայացմամբ, այս խնդիրն առաջ է եկել, որովհետեւ սահմանների հարցը հստակեցված չէ:

Հիշեցնենք, որ սահմանների դեմարկացիայի հարցը ներկայումս հայ-վրացական հարաբերությունների օրակարգում է եւ հստակեցվում է, թե որ տարածքներն են Հայաստանինը, որոնք` Վրաստանինը: