Ռուսաստանը մեկ քառորդով կորցրել է համաշխարհային շուկաներում իր դիրքերը մի քանի ապրանքատեսակներում: Նման եզրակացության են եկել փորձագետներ Ալեքսանդր Կնոբելն ու Ալեքսանդր Ֆիրանչուկը, հայտնում է «Վեդոմոստի»-ն:

Եվրամիությունը նախկինի պես մնում է Ռուսաստանի համար ապրանքների  իրացման խոշորագույն շուկան: 2015-ին միությանը բաժին է ընկել արտահանման 48.29 տոկոսը, բայց 2013-2015-ին ԵՄ ապրանքների ներմուծման մեջ ռուսական մասնաբաժինն ավելի արագ է նվազել, քան ԵՄ մասնաբաժինը ռուսական ապրանքաշրջանառության մեջ:  Ընդ որում, համաշխարհային ներմուծման մեջ ԵՄ մասնաբաժինը կայուն է մնում:

Ոչ հումքային ապրանքների թվում Ռուսաստանը մեծացրել է ԵՄ արտահանվող հետեւյալ ապրանքների բաժինը՝ պարարտանյութ, ալյումին, պղինձ, արճիճ, թուղթ եւ ստվարաթուղթ: Ռուսաստանը մեծացրել է իր բաժինը նաեւ ալյումինի համաշխարհային շուկայում, բայց այլ ապրանքների առումով այն գրեթե չի փոխվել:

Մյուս կողմից՝ սինխրոն նվազել է Ռուսաստանի եւ ԵՄ-ի փոխադարձ բաժինը այնպիսի ապրանքային խմբերում, ինչպիսիք են հանքային վառելիքը, ոչ օրգանական քիմիայի ապրանքները, կաուչուկը, ռետինը, սեւ մետաղը եւ նիկելը: Դա նշանակում է, որ Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը այդ ապրանքների շուկաներում:

Ոչ վառելիքային ապրանքների արտահանման թույլ աճի պատճառը ոչ թե արտաքին պահանջարկի նվազումն է, այլ ռուսական ընկերությունների դժվարությունները, եզրակացնում են փորձագետները: Այն ոլորտներում, որտեղ մեծ է հումքային նյութերի ներմուծման բաժինը, ցուցանիշներն աճում են, ոչ թե նվազում: Առաջին հերթին դա մեքենաշինության, տրանսպորտային միջոցների արտադրության ոլորտներն են: