Միացյալ Նահանգները հետամուտ է Մինսկի խմբի գործընթացի միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ «Համախմբում» կուսակցության կենտրոնական գրասենյակ իր այցի ժամանակ:
Կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը հանդիպել է կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ։
Վարդան Օսկանյանը հյուրերին ներկայացրել է «Համախմբում» կուսակցության ստեղծման հիմնական նպատակները եւ հեռանկարները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները, Ընտրական օրենսգիրքը եւ 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հնարավոր զարգացումները։
Քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը, դրա շուրջ ընթացող բանակցությունները եւ կարգավորման հնարավորությունները։
«Միացյալ Նահանգները հետամուտ է Մինսկի խմբի գործընթացի միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք նաեւ շարունակում ենք հավատարիմ մնալ Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանն ու տնտեսության զարգացմանն աջակցելու մեր հանձնառությանը: Սա ներառում է ընտրական բարեփոխումները, ինչը պետք է հասարակության տարբեր ձայների համար ընդունելի լինի եւ արժանանա նրանց աջակցությանը»,-ասել է դեսպան Միլսը:
Վարդան Օսկանյանը բարձր է գնահատել ԱՄՆ–ի դերակատարությունը Հայաստանի անկախության այս 25 տարվա ընթացքում, կառուցողական ներդրումը ԼՂ հարցի կարգավորման եւ Հայաստանի ժողովրդավարացման ու զարգացման գործընթացում։
Նշենք, որ հանդիպմանը նաեւ մասնակցել են ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, նույն բաժնի քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը եւ «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը, կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը։





























