Չինաստանի իշխանությունները փակել են ինը գործարան, որոնք արդյունաբերական աղբ եւ թունավոր նյութեր էին օգտագործում դպրոցական վազքուղիներ արտադրելու համար:
CCTV հեռուստաալիքը հետաքննություն է անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ Հեյբեյ նահանգում գործարանները արդյունաբերական աղբ են օգտագործել փողոցային վազքուղիների ռետինե ծածկի արտադրության համար, որոնք օգտագործվում են չինական դպրոցներում: Վազքուղիները մարդու առողջության համար վնասակար թունավոր նյութեր եւ ծանր մետաղներ են պարունակում:
Global Times թերթը հայտնում է, որ Ցանչժոու քաղաքի իշխանությունները ինը գործարան են փակել եւ ձերբակալել են անձնակազմին: Ավելի վաղ դպրոցականների ծնողները բողոքել էին, որ ռետինե նոր վազքուղիների սուր հոտը դպրոցականների մոտ քթից արյունահոսություն, գլխացավ եւ ալերգիա է առաջացնում:
Կրթության նախարարությունը հրապարակված հայտարարության մեջ ուսումնական հաստատությունների ադմինիստրացիաներին կոչ է արել անմիջապես ապամոնտաժել ռետինե ծածկով բոլոր վազքուղիները, որոնք չեն համապատասխանում անվտանգության պետական ստանդարտներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























