Սիրիան, Եգիպտոսը եւ Իսրայելը այն երկրների թվում են, որոնք ցանկանում են միանալ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գործունեությանը: Այդ մասին հայտնել է ՇՀԿ-ում ՌԴ-ի հատուկ ներկայացուցիչ Բախտիեր Հակիմովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այս կամ այն կարգավիճակով ՇՀԿ-ին միանալու ցանկություն ունեցողների թվում են Սիրիան, Եգիպտոսը եւ Իսրայելը: Իսրայելը վերջինն է, որը հայտ է ներկայացրել երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար, Եգիպտոսը եւս ցանկանում է երկխոսության գործընկեր դառնալ: Այս հարցերն աստիճանաբար կլուծվեն: Մենք մեր բարեկամներին բացատրում ենք, որ հաճույքով ընդունում ենք ձեր դիմումը, կուսումնասիրենք, կմշակենք», - ասել է Հակիմովը:
Հատուկ ներկայացուցչի խոսքով, այդ երկրները պաշտոնական դիմում են ուղարկել դիտորդի կարգավիճակ ստանալու համար, բայց խոսքը կազմակերպության շրջանակում երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալու մասին է: Միաժամանակ Սիրիան եւ Եգիպտոսը 2015 թվին են դիմել, իսկ Իսրայելը` ընթացիկ տարում:
Հակիմովը հիշեցրել է, որ 2015-ին Աֆղանստանը ՇՀԿ-ին անդամակցության հայտ է ներկայացրել: Նրա խոսքով, Բանգլադեշը եւս հավակնել է կազմակերպության անդամակցության:
«Բայց մենք նրանց բացատրել ենք, որ պետք է փոքրից սկսել, որովհետեւ ՇՀԿ-ի շրջանակում ընկալում կա, որ մենք չենք տարվելու անդամների կազմի ընդլայնմամբ, ոչ էլ որպես դիտորդ մասնակիցների կազմի եւ որ հայտատու պետությունը պետք է ուղի անցնի` երկխոսության գործընկերոջից դեպի դիտորդ եւ այլն: Այդ դեպքում կարող է հավակնել անդամության», - բացատրել է Հակիմովը:
Նախօրեին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասում էր, որ ակնկալվում է, որ եկող տարի Ղազախստանում ՇՀԿ-ի գագաթնաժողովի ընթացքում ՇՀԿ-ի անդամ կդառնան Հնդկաստանը եւ Պակիստանը, բացի այդ, քննարկվում է կազմակերպությանը Իրանի միացումը: Ուշակովի խոսքով, ռուսաստանյան կողմն Իրանի հայտի բավարարման խոչընդոտ չի տեսնում:





























